Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։
Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն ունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պետք է սիրես և նվիրվես նրան։ Մեկ այլ հանճար՝ Պաբլո Պիկասոն, արվեստի գլխավոր առաքելությունն էր համարում «մեր հոգուց մաքրել առօրյա փոշին»։
Իրապես, արվեստը չունի սահմաններ. այն խոսում է բոլորիս հետ իր առանձնահատուկ՝ համամարդկային լեզվով՝ միավորելով մարդկանց՝ անկախ տարածությունից, ժամանակից, երկրից, դավանանքից կամ մշակույթից։ Արվեստը նաև յուրաքանչյուր ժողովրդի ինքնության և հոգևոր դիմագծի արտացոլումն է։ Հայկական արվեստը հազարամյակներ շարունակ եղել է մեր ինքնության հիմնասյուներից մեկը՝ փոխանցելով մեր պատմությունը, հավատը, ուրախությունը, հոգսերն ու երազանքները ոչ միայն սերունդներին, այլև աշխարհին։
Յուրաքանչյուր նկարի, ստեղծագործության, երաժշտության ու ներկայացման մեջ ապրում են մեր պատմությունն ու երազանքը։ Մենք հպարտ ենք, որ աշխարհին տվել ենք Նարեկացի, Քուչակ, Սարոյան, Թումանյան, Իսահակյան, Կոմիտաս, Սուրենյանց, Բաշինջաղյան, Սարյան, Գորկի, Խաչատուրյան… Անունները կարելի է երկար շարունակել։ Նրանք բոլորը հարստացրել են համաշխարհային մշակույթի գանձարանը և մշակութային ներկապնակը։
Միաժամանակ կարևոր է նկատել և գնահատել մեր ժամանակակից արվեստագետներին՝ նրանց տրամադրելով ինքնարտահայտման, դրսևորման, մշակութային ներկապնակը հարստացնելու հարթակներ ու հնարավորություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ մշակույթի ոլորտի բարեփոխումները միտված են ստեղծելու բարենպաստ միջավայր, խրախուսելու արվեստագետների միջազգային հաջողությունները և հեղինակավոր հարթակներում ներկայացնելու հայաստանյան մշակույթն ու երիտասարդ ստեղծագործական ներուժը։
Սիրելի՛ բարեկամներ, այս օրը լավագույն առիթն է՝ շնորհակալություն հայտնելու մեր նորօրյա պատմությունը կերտող ու արարող արվեստագետներին՝ նկարիչներին, դերասաններին, երաժիշտներին, գրողներին, քանդակագործներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործով հարստացնում են մեր հոգևոր կյանքը, տարածում և ճանաչելի դարձնում Հայաստանը մշակույթի միջոցով:
Շնորհավոր Արվեստի համաշխարհային օրը: