Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։
Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։
Ղազախստանի մշակույթի օրերի ծրագիրը կմեկնարկի ապրիլի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ ղազախական ֆիլմերի օրերով․ բացմանը կցուցադրվի Ռ. Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։ Ղազախական ֆիլմերի օրերին կցուցադրվեն վերջին տարիներին ստեղծված խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։
Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մշակույթի օրերի գալա-համերգը՝ Ղազախստանի վաստակավոր և առաջատար կոլեկտիվների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, «Il Canto» վոկալ քառյակը, «HASSAK» էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։
Գալա-համերգին կմասնակցեն նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։
Մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի պաշտոնական հանդիպումը, կստորագրվի համագործակցության հուշագիր Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» լրատվական գործակալության միջև։ Մշակույթի օրերի շրջանակում կկայանա Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցին հարակից տարածքում գտնվող զբոսայգու բացման արարողությունը․ զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով։
Նախատեսվում են նաև Ղազախստանի պատվիրակության այցելությունները Հայաստանի ազգային գրադարան, որտեղ գործում է ղազախական գրականության անկյունը, Երևանի պետական համալսարան, որտեղ գործում է Աբայ Կունանբաևի անվան ղազախական գրականության, պատմության և մշակույթի կենտրոնը։ Ղազախական գրականության նվիրաբերության արարողությամբ տեղի կունենա նաև ճանաչողական շրջայց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում։