«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

  Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը:

Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը:

Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միսաք Մանուշյանի և այլոց կյանքից հատվածներ:

«Նման միջոցառումները սովորելու գործընթացը դարձնում են ավելի գեղեցիկ և հաճելի, և այս համատեքստում սովորողների ֆրանսերենի իմացությունը գոհացուցիչ է։ Օտար լեզուներ սովորելը հաջողության հասնելու կարևոր նախադրյալ է: Լեզու սովորելով՝ ծանոթանում ենք նաև տվյալ երկրի մշակույթին ու պատմությանը, ավանդույթներին, իսկ Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ միշտ կարող ենք նոր բացահայտումներ անել»,-դպրոցականներին ուղղված խոսքում ասել է  Արաքսիա Սվաջյանը։

Նա անդրադարձել է նաև Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ իրականացվող ՀՀ դպրոցներում ֆրանսերենի դասավանդման բարելավմանն ուղղված ծրագրերին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը ևս ողջունել է աշակերտներին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը դպրոցականները ներկայացրել են գեղեցիկ համադրմամբ:

 

Spread the love