Հայաստանից գինիների եւ կոնյակի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է չորս ուղղություններով. հետեւանքներն ու լուծումները

Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է, քանի որ վճարումների հետ կապված խնդիր է առաջացել, հստակություն չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

Հայկական կոնյակի արտահանման կառուցվածքում այս չորս երկրների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը (դրա մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը), իսկ գինու մասնաբաժինը՝ 75-80 տոկոս։ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը փակ են քաղաքական խնդիրների պատճառով։

«Ուկրաինայի ուղղությամբ ապրանքն ուղղակի անհետանում են, երաշխիքներ չկան, փոխադրումներ չկան։ Բելառուսի հետ վճարումների հետ կապված խնդիրներ են առաջացել, իսկ Ղազախստանի հետ՝ տեխնիկական։ Ուկրաինայի հետ կապված, ֆինանսական (վճարումների) եւ նյութատեխնիկական խնդիրներից բացի, կանգնած է այդ երկրի ապագայի հարցը»,- ընդգծեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝  Ռուսաստանի իշխանությունները 2014-2105 թթ. պատրաստվում էին այսօրվան, նախապես բուֆեր ստեղծեցին՝ նաեւ «Բ» պլան մշակելով, որը դեռ գործարկված չէ։ Ռուսաստանը պատրաստ է վատ սցենարի եւ լրջորեն զբաղվել է դիվերսիֆիկացմամբ պարենային անվտանգության հարցում եւ երկար կարող է ձգել:

Փորձագետը ենթադրեց որ ռուբլու փոխարժեքի այսպիս հարաբերակցության դեպքում հայկական կոնյակ եւ գինի արտադրողների համար վատագույն դեպքում խոսքը մոտ 40 տոկոս, իսկ լավագույն դեպքում՝ 20 տոկոս կորստի մասին է: Գինի արտադրողների համար վերջին սցենարն աղետալի չէ: Իսկ ահա կոնյակ արտադրողների համար դա վատ է, քանի որ Ռուսաստան արտահանվող կոնյակն երեք, հինգ տարվա հնեցում ունի։ Այստեղ շահույթը 15-20 տոկոս է կազմում:

«Իսկ գինիների դեպքում նվազագույն շահույթը 30-40 տոկոս է։ Գինու արդյունաբերությունը կդիմակայի, կոնյակը՝ դժվար թե, ուստի արտահանումն ամբողջությամբ դադարեցված է, եւ եթե այս վիճակը վատթարանա եւս երկու-երեք շաբաթ, ապա կորուստներն առնվազն 50 տոկոս կկազմեն»,- հավելեց նա։

Սա արդեն հինգերորդ ճգնաժամն է ոլորտի համար եւ իր ուժգնությամբ նման է 1992-1993 թթ. ճգնաժամին: Դրանք բոլորն այս կամ այն կերպ կապված են ռուբլու արժեզրկման հետ։ Բայց յուրաքանչյուր ճգնաժամ նոր հնարավորություններ է բացում. Յուրաքանչյուր ճգնաժամից հետո հայկական գինի եւ կոնյակ արտադրողները կտրուկ բարձրացնում էին իրենց անկախությունը ռուսական շուկայից։ Եթե ​​1998 թ. Ճգնաժամից առաջ կախվածությունը ռուսական շուկայից 96-98 տոկոս էր կազմում, ապա այս ճգնաժամից առաջ կոնյակից կախվածությունը 85 տոկոս էր կազմում, գինիներից՝ 75 տոկոս: Գագաթնակետերը հետճգնաժամային շրջանի երկրորդ եւ երրորդ տարիներին են:

Փորձագետը ներկայիս ճգնաժամը հերթական հնարավորություն համարեց՝ գոնե ալկոհոլային արտադրանքի ոլորտում ավելի անկախ տնտեսական քաղաքականություն վարելու համար:

Այժմ կառավարությունը պետք է հակաճգնաժամային օպերատիվ շտաբ ստեղծի, որտեղ, բացի կառավարության անդամներից, պետք է ներառվեն տնտեսության վրա զգալի ազդեցություն ունեցող առողջ ուժեր, ինչպես նաեւ տնտեսագետներ, ֆինանսատնտեսական բլոկի նախկին պաշտոնյաներ։ Շտաբը (ապաքաղաքական) պետք է կոնկրետ որոշումներ մշակի եւ ներկայացնի դրանք վարչապետին։

Բացի այդ, անհրաժեշտ է սառեցնել վարկերի վճարումները մինչեւ մթերման սեզոնը (սեպտեմբեր-հոկտեմբեր), քանի որ այս տարի արդեն եղած արտադրանքի իրացման բացակայության պատճառով կկորցնենք ամբողջ բերքը։ Ֆինանսավորման աղբյուր կարող են դառնալ արեւմտյան երկրները, որոնք կարող են արտոնյալ վարկեր տրամադրել Հայաստանին»,- հավելեց նա։

Ավագ Հարությունյանը նախազգուշացրեց այս կամ այն ​​ուղղությամբ տարանցիկ երկրի դեր ստանձնելու Հայաստանի փորձերի մասին, քանի որ դա ավելորդ ուշադրություն կգրավի երկրի նկատմամբ եւ տնտեսությունն էլ ավելի մեծ վտանգի կենթարկի:

Կենտրոնի ղեկավարը ներքին շուկայում գների հետագա աճ չի կանխատեսում՝ բարձր մրցակցության պատճառով:

«Գները, հնարավոր է, նույնիսկ 5-10 տոկոսով իջնեն, բայց դա հարցի լուծում չէ։ Շուկայում դեմպինգային քաղաքականությունը կշարունակվի, ուստի պետությունը պետք է խստացնի վերահսկողությունը»,- եզրափակեց նա։

Spread the love