Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և ազգությամբ ռուսների գերեզմանատեղիները ադրբեջանական վանդալիզմի թիրախ

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային արժեքները, ներառյալ՝ պատմական հուշարձաններն ու գերեզմանատները, մշտապես ենթարկվել են վանդալիզմի։ Մշակութային ժառանգության ավերմամբ Բաքուն ունի մեկ նպատակ՝ միտումնավոր ջնջել հայկական ժառանգության պատմությունը, վերացնել հայկական հետքն այդ տարածքներից։

Ադրբեջանի պետական քաղաքականությունը, որը բացահայտորեն հակասում է իրենց կողմից հայտարարված «բազմամշակութային քաղաքականության» սկզբունքներին, իրականում ուղղված է ոչ միայն հայկական, այլև՝ իրենց երկրում այլ ազգերի պատմական ու կրոնական ժառանգության ոչնչացմանը։

Իբրև թե «ադրբեջանական ինքնություն» կերտելով՝ երկրում, ի թիվս այլոց, թիրախավորում են նաև ռուսական ու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների գերեզմանոցները: Ադրբեջանական բարբարոսությունները չեն սահմանափակվում միայն գերեզմանաքարերի ոչնչացմամբ: Պետական ամենաթողության արդյունքում Հայրենական պատերազմի զոհերի ու մասնակիցների գերեզմանատեղիները, ռուսական ու հայկական և, ընդհանարապես, քրիստոնեական գերեզմանոցները դառնում են «գերեզմանոցների մութ» բիզնեսի թիրախ։ Խորհրդային հնգաթև աստղերը, տեղադրված խաչերը, դամբանաքարերը ոչնչացնելուց հետո այդ գերեզմանոցները վերավաճառվում են ադրբեջանցիներին։

Տարօրինակ կերպով Ադրբեջանում վերջին տասնամյակներում ճանապարհներ են կառուցվում գերեզմանոցների տարածքներով՝ այդ կեղծ պատրվակով ոչնչացնելով տեղի ռուսական և հայկական գերեզմանատեղիները։

Ադրբեջանի տարածքում ռուսական գերեզմանների դիտավորյալ ոչնչացման մասին վկայում են հենց տեղի բնակիչները: Բաքվի Յասամալի շրջանի ռուսական գերեզմանոցում տեղի ունեցող վանդալիզմի մասին բնակիչներից մեկը՝ Նիկոլայ Իվանովը բարձրաձայնել էր դեռևս 2017 թվականին: Նա իր բողոք-նամակում նշել էր, որ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում նշված գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նաև իր հարազատները, անհասկանալի բաներ են կատարվում։ Իվանովի վկայությամբ՝ նախկինում Յասամալի գերեզմանատանը քրիստոնեական և մուսուլմանական հատվածներն, ըստ էության, եղել են առանձին, սակայն ժամանակի ընթացքում քրիստոնեական մասում հայտնվել են մուսուլմանական գերեզմաններ: «Գերեզմանատանը, հատկապես գիշերվա ժամերին, տեղի են ունենում վանդալիզմի դրսևորումներ՝ հանվում են երկաթե խաչերը և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների աստղ խորհրդանիշով գերեզմանաքարերը»,-նշել է Ն Իվանովը։

Բնակիչներից շատերը փաստում են, որ խոսքը վերաբերում է «գերեզմանային մութ» բիզնեսին: Մեկ հանգուցյալի համար նախատեսված գերեզմանի տարածքը վաճառվում է հինգ հազար մանաթով, իսկ երկու-երեք գերեզմանատեղիների արժեքը հասնում է տասը հազար և ավելի մանաթի: Անզեն աչքով տեսանելի է, որ գերեզմանատան՝ քրիստոնյաների համար նախատասված հատվածում առկա են մուսուլմանական մեծ թվով շքեղ, մարմարյա գերեզմաններ:

«Ինչ-որ կազմակերպության անդամներ, այցելելով այդ տարածք, որոնում են լքված գերեզմաններ և ցուցակագրում են դրանք՝ ամենայն հավանականությամբ բարձր գնով վաճառելու համար»,-հայտնում է տեղի բնակչուհի Անտոնինա Վասիլևնան, ում ամուսինը ևս հուղարկավորված է նշված գերեզմանատանը:

վանդալիզմի ենթարկված գերեզմանատեղի   

Պետք է փաստել, որ սա Ադրբեջանի տարածքում ռուսական գերեզմանոցների ավերման առաջին դեպքը չէ: 2023 թվականին Բաքվի Սաբունչուի շրջանի Զաբրատ ավանում տեղի էր ունեցել վանդալիզմի հերթական դեպքը․ ավերել էին գերեզմանատան տարածքում տեղակայված ավելի քան 150 տապանաքարեր: Ադրբեջանի ռուսական համայնքը հրապարակայնորեն դատապարտել էր Զաբրատի հին գերեզմանատան տարածքում իրականացված վայրագությունները: Տեղի բնակիչները փաստում են, որ գերեզմանատան տարածքում հաճախ են կատարվում մետաղե ցանկապատերի ու խաչերի գողություններ։

Ադրբեջանի Ամիրջան ավանի գերեզմանատանը ևս հայտնաբերվել են վնասված տապանաքարեր: Քաղաքացիներից մեկի հաղորդմամբ՝ մի շարք տապանաքարեր ենթարկվել են վանդալիզմի, իսկ խաչերն ու պարիսպներն ամբողջությամբ ոչնչացվել են: Խնդրի վերաբերյալ հարցում է ուղարկվել Ամիրջան ավանի համայնքային իշխանություններին, որին ի պատասխան հայտնել են, որ գերեզմանատան տարածքում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Համայնքային ներկայացուցիչների պնդմամբ՝ «տվյալ գերեզմաններն անտեր են»: Գոյություն ունեցող տապանաքարերը շուրջ 30-40 տարվա վաղեմություն ունեն, որոնք հիմնականում պատկանում են ռուսներին և հայերին, նաև՝ թաթարներին․ այդ պատճառով էլ գերեզմանատերեր չկան»: Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները հաստատում են, որ վերանորոգման աշխատանքների ընթացքը չէր կարող տապանաքարերը նման կերպ վնասել։ Միտումնավոր և նպատակաուղղված գործողություններով գերեզմանատներից ոչնչացվում է այն ամենն, ինչը փաստում է այլ ազգերի ներկայությունը տվյալ տարածքներում։

Վերանորոգման կամ շինարարական աշխատանքների անվան տակ իրականացվող գործողությունների արդյունքում տարբեր ազգություններ ունեցող հանգուցյալների գերեզմաններ են պղծվել նաև Բաքվի Մոնտին քրիստոնեական գերեզմանոցում, որտեղ հուղարկավորված են հիմնականում հայեր (այդ պատճառով այն նաև կոչվել է հայկական գերեզմանոց), ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ։ Ճանապարհ կառուցելու կեղծ պատրվակով ծանր տեխնիկան քարուքանդ է արել տարածքը․ ոչնչացվել է քրիստոնեական և հայկական հետք հիշեցնող ամեն ինչ։

Այսպիսով՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ոչ միայն հայկական, այլև՝ ռուսական գերեզմանոցների վանդալիզմն արտացոլում է ադրբեջանական կողմի բարբարոսությունը, վկայում այն խորքային ատելությունն ու անհանդուրժողականությունը, որը բացահայտորեն ուղղված է նաև ռուսական համայնքի դեմ։ Ալիևյան ռեժիմի կամ ուղղորդվող կազմակերպությունների կողմից մարդկանց գերեզմանատեղիներն անարգելն ու ոչնչացնելը, դրանք՝ որպես բիզնես եկամուտ օգտագործելը փաստում են իշխող վարչակազմի՝ անգամ բարոյական արժեքներից զուրկ լինելու մասին։

Spread the love