Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման մասին

Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը (PKK), որն ավելի քան 40 տարի զինված պայքար է մղել Թուրքիայի դեմ՝ անկախ քրդական պետություն ստեղծելու համար, հայտարարել է իր լուծարման մասին։ Այս որոշումը, ինչպես հաղորդել է PKK-ին մոտ կանգնած Firat լրատվական գործակալությունը, կայացվել է կուսակցության 12-րդ համագումարից հետո, որը տեղի է ունեցել մայիսի սկզբին, գրել է Reuters-ը։

Համագումարի պատվիրակները եկել են այն եզրակացության, որ PKK պայքարը հանգեցրել է նրան, որ քրդական խնդիրն այժմ կարող է լուծվել ժողովրդավարական միջոցներով։ Այսպիսով, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կատարել է իր պատմական առաքելությունը եւ դադարում է գոյություն ունենալ, հաղորդել է Firat-ը։

Համագումարը, նշել է Reuters-ը, գումարվել է այն բանից հետո, երբ PKK առաջնորդ Աբդուլա Օջալանը, որը 1999-ից ցմահ բանտարկություն է կրում, 2025թ. փետրվարին կողմնակիցներին կոչ է արել դադարեցնել զինված պայքարը եւ սկսել մասնակցել թուրքական քաղաքական համակարգի ժողովրդավարացմանն ու դրանում լիարժեք ինտեգրմանը։

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որն իր նպատակն էր հռչակել Թուրքիայում քրդերի ազգային իրավունքների համար պայքարը եւ քրդական պետության ստեղծումը, հիմնադրվել է 1974թ. նոյեմբերին։ 1984-ց զինված պայքար է մղում թուրքական իշխանությունների դեմ։ Զինված հակամարտության ընթացքում, գրել է Reuters-ը, 40 տարվա ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել։

Spread the love