Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» գիտահանրամատչելի սեմինարը, որին մասնակցեցին ավագ դպրոցների աշակերտներ և ուսանողներ։ Սեմինարի նպատակն էր ներկայացնել տիեզերքի գիտությունը, վերջին տարիների արդյունքները, ներկայացնել Հայաստանում տիեզերական գիտության զարգացման միտումները։
ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը շեշտեց երիտասարդների մասնակցության և ակտիվության կարևորությունը՝ նշելով, որ գիտահանրամատչելի սեմինարների շարքի նպատակն է երիտասարդությանը ներգրավել գիտական միջավայր, իրազեկել նրանց և հետաքրքրություն առաջացնել գիտության նկատմամբ։
Հայաստանում անցկացված առաջին տիեզերական գիտափորձի՝ AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության մասին պատմեց «Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի ղեկավար, AMADEE-24 առաքելության համաղեկավար Հայկ Ասլանյանը։ Նա ներկայացրեց այս խոշոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առաքելության նպատակները, գրանցված հաջողությունները, տիեզերագնացների ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն անդրադարձավ տիեզերագնացների սննդային առանձնահատկություններին։ Նա ներկայացրեց AMADEE-24 առաքելության շրջանակում հայ գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքները: Արսեն Առաքելյանը նշեց, որ հարկավոր են իմունային համակարգը կարգավորող միջամտություններ՝ իմունային համակարգի ակտիվությունը պահպանելու և հնարավոր առողջական ռիսկերը նվազեցնելու համար։
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց աստղագիտության հիմնական դրույթները, խոսեց տիեզերական թռիչքների նվաճումների մասին։
«Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» սեմինարն անցկացվեց «Գիտությունն այսօր» շարքի շրջանակում, որը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը։