Հայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում

«Հայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում, այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ բեռնատարները ևս հնարավորություն ունենան տեղաշարժվելու»։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

«30-ից ավելի բեռնատարներ այս պահին արդեն Ռուսաստանում են»,–հայտնեցին նախարարությունից։

Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ ԱԺ–ում հայտարարել էր,  որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում:

Նշենք, որ հայաստանյան կոնյակագործները վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ահազանգելով այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող մեքենաները շաբաթներով կանգնեցվում են Վրաստանում, ինչը վրաց մաքսավորները հիմնավորում են, թե խմիչքի որակն են ստուգում: Կոնյակագործները հարց են բարձրացնում, թե ինչու է կոնյակի որակը ստուգվում Վրաստանում, որտեղ այն չի վաճառվում. Վրաստանի տարանցիկ երկիր է հանդիսանում Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակի համար։

Spread the love