Արդարադատության նախարարությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել հակակոռուպցիոն ոլորտում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 14-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող  օղակներին եւ կատարված աշխատանքներին:

Նախարարը նշել է, որ թեեւ Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն աշխատանքներ չի իրականացնում, այնուամենայնիվ 2021թ. հսկայական աշխատանք է իրականացրել՝ հակակոռուպցիոն համակարգ ներդնելու եւ զարգացնելու ուղղությամբ: Օրենսդրության զարգացմամբ եւ կազմակերպչական աշխատանքներով աջակցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նպաստել է՝ ավելացնելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակա հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը, որը 3.200-ից հասել է 9.000-ի: Հաշվետու տարում սկսվել են Հակակոռուպցիոն կոմիտեի  ստեղծման աշխատանքները, որի օրենսդրական բազան նույնպես մշակել է նախարարությունը:

«Արդեն արդյունքները տեսնում ենք 2022 թ. առանձին, կոնկրետ գործերի տեսքով: Այս բլոկում շատ կարեւոր է նաեւ Դատախազությունում առանձին միավորների ստեղծումը` Կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումը, ինչպես նաեւ Ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը»,-ասել է նախարարը: Կարեն Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել նաեւ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման գործում:

Նախարարը նաեւ հայտնել է, որ ավելացել է դատավորների, դատարաններում աշխատողների թիվը, սարքավորումները:  50-70 տոկոսի սահմաններում բարձրացվել են դատավորների աշխատավարձերը, իրականացվել են թվայնացման աշխատանքներ: Այլընտրանքային միջոցների կիրառմամբ իրականացվել են դատարանները բեռնաթափելու աշխատանքներ, ինչի արդյունքում որոշակիորեն կրճատվել է դատավորների ծանրաբեռնվածությունը: Նախարարությունը 2021թ. կարգապահական վարույթ իրականացնելու 19 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որոնցից բավարարվել է 5-ը:

Spread the love