Նախատեսվում է սկսել նոր ՔԿՀ-ի շինարարությունը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 14-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի տեղեկացմամբ՝ աշխատանքներ են իրականացվել նաեւ քրեակատարողական ոլորտում: Կատարվել են օպտիմալացման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել են միլիարդավոր դրամներ: Նախկինում գործող 12 քրեակատարողական հիմնարկից այժմ գործում են 10-ը, փակվել են Կոշի եւ Հրազդանի ՔԿՀ-ները: Նախատեսված է փակել անմխիթար վիճակում գտնվող եւս մի քանի ՔԿՀ-ներ, դրանց փոխարեն բացելով նորը:

«Քրեակատարողական հիմնարկի վերանորոգումն ուղղակի միջոցների վատնում կլինի, դրա փոխարեն պետք է արագ տեմպերով կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, որը կունենա բոլոր անհրաժեշտ բաժինները՝ նաեւ մեծ հիվանդանոցի տեսքով: Այսինքն` նույն կոմպլեքսում կունենանք եւ՛ բուժհաստատությունը, եւ՛ պահման բոլոր ռեժիմները»,- ասել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով գերմանացի, ինչպես նաեւ ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել են մոդելավորման աշխատանքները: Նշվել է, որ քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար մեծ հողատարածք է հատկացվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկի մոտ: Որոշակի չափով լուծված է նաեւ ֆինանսավորման հարցը. դրանով հետաքրքրված են նաեւ ԵՄ եւ կանադացի գործընկերները: «Սա այն հարցն է, որ պետբյուջեից էլ կարող ենք ֆինանսավորում ակնկալել»,-ասել է Կարեն Անդրեասյանը:

Նախարարը ներկայացրել է նաեւ իրականացված մյուս աշխատանքները: Հաշվետու տարում 85 տոկոսով բարձրացվել են ՀՀ փորձագիտական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը, թարմացվել են սարքավորումները: Նախարարը նշել է՝ կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը չափազանց ցածր էին, դրանք չէին վերանայվել երկար տարիներ: «Արդյունքները տեսանելի են. 15 տոկոսով փորձաքննությունների քանակի եւ որակի աճ է տեղի ունեցել»,- փաստել է նախարարը: Կարեն Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Spread the love