ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտը՝ նշելով, որ հաշվետու տարում կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը:
2022թ. հունվարի 1-ից ավելացել են 131.767 շահառուներին վճարվող գումարները: Նվազագույն կենսաթոշակի չափը կազմում է 28.600 դրամ (2021թ. գործող 26.500 դրամի փոխարեն): Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսաթոշակը 43.000 դրամ է դարձել՝ նախկին 40.000-ի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 33.000 դրամ՝ նախկին 30.000-ի դիմաց, երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար՝ 30.000 դրամ` նախկին 27.000-ի փոխարեն:
Փոխնախարարը բարեփոխումների շարքում առանձնացրել է կենսաթոշակների ու նպաստների վճարումը հնարավորինս անկանխիկ եղանակով իրականացնելու կարեւորությունը: 2021 թ. հուլիսից Գյումրին, Երեւանը եւ Վանաձորն անցել են այդ համակարգին, գործընթացը բարելավման փուլում է:
Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է նաեւ ժողովրդագրական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրով իրականացվող քայլերը, խոսել երեխայի խնամքի եւ պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին: 2021թ. երեխայի խնամք եւ պաշտպանություն իրականացնող շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 10 երեխա, ժամանակավոր խնամք իրականացնող կենտրոններից կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորվել է 48 երեխա:
Գենդերային քաղաքականության ոլորտում 2021թ. ապահովվել է պետական բյուջեի համաֆինանսավորմամբ բոլոր մարզերում եւ Երեւանում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների եւ ապաստարանների գործունեության շարունակականությունը:
Կառավարության կողմից 2020թ. նոյեմբերից սկսած եւ 2021թ. ամբողջ ընթացքում իրականացվել են 2 տասնյակից ավելի միջոցառումներ՝ 136 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով, որից 120 մլրդ դրամը հատկացվել է 2021թ. ընթացքում: Փոխնախարարի խոսքով` Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված միջոցառումները շարունակական են:
Ներկայացվել են նաեւ տվյալներ հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովման վերաբերյալ:
Տաթեւիկ Ստեփանյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մյուս տեղակալ Աննա Ժամակոչյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սոցիալական փաթեթի շահառուների ընդլայնմանը, միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների վերապատրաստմանը, Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներին եւ այլն: