Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:
Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա:
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։