2021թ. գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

Մարտի 16-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը:

Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2021թ. գյուղատնտեսության ոլորտում Կառավարության քաղաքականությունն ուղղվել է մասնավորապես արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային եւ ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաեւ պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության, բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը:

Զեկուցողը մանրամասն ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքները:

Նշվել է, որ 2021 թ. ընթացքում իրականացվել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակում հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 29487 միավոր վարկ, շուրջ 72,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալի: Սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ:

Նախարարի խոսքով` ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է շուրջ 4000 պայմանագիր, ձեռք է բերվել 4050,4 տոննա բարձրորակ սերմ, եւ կատարվել է ցանք 13000 հա հողատարածքի վրա: Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակներում կնքվել է 3736 պայմանագիր:

Վահան Քերոբյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Spread the love