Բրազիլական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր 50 տոկոսանոց ներմուծման մաքսատուրքերը սուրճի գների զգալի աճի կհանգեցնեն ԱՄՆ ներքին շուկայում, հաղորդում է The Wall Street Journal (WSJ) ամերիկյան թերթը։
Միացյալ Նահանգները սուրճի զուտ ներմուծող է։ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ սեփական արտադրությունը բավարարում է երկրում սպառվող ըմպելիքի միայն մոտ 1%-ը։ Բրազիլիական սուրճը, հատկապես արաբիկա տեսակը, այժմ զբաղեցնում է ԱՄՆ ներքին շուկայի 35-40%-ը։ Բրազիլիան արաբիկա սուրճի արտադրության համաշխարհային առաջատար է և գերազանցում է իրեն հաջորդող հինգ երկրների (Կոլումբիա, Եթովպիա, Հոնդուրաս, Պերու և Մեքսիկա) ընդհանուր արտադրությանը։
Ամերիկյան սուրճի վերամշակող ընկերությունները հիմնականում օգտագործում են բրազիլական արաբիկա և հենց այդ սուրճն է մատակարարվում մանրածախ առևտրային ցանցերին և հանրային սննդի հաստատություններին։ Հաշվի առնելով արտադրության ծավալները՝ ԱՄՆ-ում գործարարները գործնականում հնարավորություն չունեն այլընտրանք գտնելու և այլ երկրների արաբիկան ներմուծելու։ «Բրազիլական սուրճը հնարավոր չէ հեշտությամբ փոխարինել [ԱՄՆ-ում]։ Ընդհանուր առմամբ, այն, ինչ դուք խմում եք, հիմնականում [բրազիլական] արաբիկա է», – նշել է Rabobank-ի ավագ վերլուծաբան Ջեյմս Ուոթսոնը։ Նոր ներմուծման մաքսատուրքերը կհանգեցնեն սուրճի խառնուրդների բաղադրատոմսերի փոփոխման և մանրածախ գների 10% և ավելի բարձր աճի, ինչը կախված է կոնկրետ ցանցերի գնային քաղաքականությունից։
Ինչպես նշում է WSJ-ը, այս տարվա սկզբից ԱՄՆ-ի սրճարաններում մեկ բաժակ սուրճի միջին գինն արդեն իսկ բարձրացել է 9%-ով։ Դա պայմանավորված է եղել Թրամփի սպառնալիքներով, որոնք կապված են եղել սուրճի հատիկների ներմուծման մաքսատուրքեր սահմանելու և մատակարարման շղթաների խափանումների հետ։ Ամերիկյան սննդամթերք արտադրող JM Smucker ընկերությունը գները բարձրացրել է դեռ մայիսին և մտադիր է դա կրկին անել օգոստոսին, ընդ որում, գնի բարձրացման պլանները հրապարակվել են նոր մաքսատուրքերի մասին հայտարարությունից դեռ ամիսներ առաջ։
