Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների
կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին
պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր,
Հանրապետության 2)։
Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ
նորմերը:
Մասնավորապես՝
– սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի
պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը,
– չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
– պատերը չեն եղել մաքրվող և ախտահանվող,
– առաստաղի կառուցվածքը չի կանխարգելել մասնիկներ թափվելու հնարավորությունը,
– սառանարանի դարակաշարերը չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահավող, պատրաստված չեն եղել
կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Հիշեցնենք. երեկ՝ սեպտեմբերի 08-ին, Տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք
«Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին
բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների
կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր
քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից,
հավով պիցայից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն:
