ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ (1925–1988 թթ.)՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ պետական
մրցանակի դափնեկիր (1975 թ.), ՀԽՍՀ (1977 թ.) և ԽՍՀՄ (1982 թ.) ժողովրդական արտիստ։
Ծնվել է Թելավ քաղաքում (Վրաստան)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի
ռեժիսորական բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում։
1951–1954 թթ. որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի տարբեր թատրոններում, բեմադրել բազմաթիվ
ներկայացումներ: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է 1954 թ-ից։ Առաջին ֆիլմերն են՝ «Նվագախմբի
տղաները» (1960 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.):
Մալյանի լավագույն և մրցանակների արժանացած ֆիլմերից են՝ «Եռանկյունին» (1967 թ.), «Մենք ենք,
մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ.): Նրա
ֆիլմերը ցուցադրվել են Կաննի, Դելիի, Լոնդոնի, Հոնկոնգի, Սան Ռեմոյի, Տոկիոյի, Մանիլայի միջազգային
կինոփառատոներում, խորհրդային և հայկական ֆիլմերի տասնօրյակների շրջանակներում՝ Հոլանդիայում,
Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, այլ երկրներում:
1980 թ. ստեղծել և գլխավորել է Երևանի կինոդերասանի թատրոն-ստուդիան (1988 թ-ից կրում է նրա
անունը)։ Այստեղ է բեմադրել «Հեքիաթները» ներկայացումը՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով,
որը մինչև այսօր սիրված է հանդիսատեսի կողմից: 1982 թ. «Հեքիաթների» հիման վրա նկարահանվել է «Մի կաթիլ
մեղրը» ֆիլմը:
Մալյանի ստեղծագործությունը մեծապես նպաստել է հայ ազգային կինոարվեստի առաջընթացին ու
միջազգային ճանաչմանը. նրա ստեղծած կինոերկերը ազգայինի և համամարդկայինի յուրատեսակ համադրություն են:
Դիմերես՝ Մալյանի ինքնադիմանկարը, կադրեր «Եռանկյունին» և «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն:
Դարձերես՝ Մալյանի դիմապատկերը, ոճավորված լեռներ և կադրատախտակ:
Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Լալայան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925 0
Քաշը 28,28 գ
Չափը 28,0 x 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2025
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի
ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք
մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես
վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է
հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից:
Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե
որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն
ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և
չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ
կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ
հետևյալ հղումով՝ https://old.cba.am/Storage/AM/downloads/arjuyt/Dramaget_arm.pdf
