Նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է
կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում
իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Այցի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են թանգարանի և վարչական մասնաշենքի
տանիքների ջրահեռացման և նորոգման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի
կանաչապատմանն ուղղված աշխատանքները: Հստակեցվել են շինաշխատանքների ավարտի ժամկետները.
շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները նշել են՝
աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսածի:
Ժաննա Անդրեասյանը հատկապես շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի
անհրաժեշտությունը՝ որակի ու ժամկետների պահպանման տեսանկյունից։
Քննարկվել է նաև աշխատանքների պլանավորումը՝ հաշվի առնելով ապրիլի 24-ին՝ Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հուշահամալիրի բնականոն գործունեության ապահովման
անհրաժեշտությունը։

Spread the love