Սպառողների հետ կնքվող պայմանագրերում չի կարող  ինքնաբերաբար երկարաձգման պայման ներառվել, եթե ապահովված չեն մի շարք պահանջներ

  Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթներ էր  հարուցել  սպառողների հետ կնքվող  որոշակի ժամկետով (6 ամիս, 1 տարի և այլն) միանալու պայմանագրերում այդ ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման պայման սահմանված լինելու առնչությամբ։ Վարույթների քննության արդյունքում ընդունված որոշումներով մի շարք կարևոր արձանագրումներ են արվել։ Մասնավորապես՝

l  Սպառողը պետք է հնարավորություն ունենա  պայմանագիր կնքելու պահին ընտրելու՝ ցանկանում է, որ այն ինքնաբերաբար երկարաձգվի, թե  ոչ։ Օրինակ՝  եթե  բաժանորդը կնքում է 12 ամսով ինտերնետ ծառայության մատուցման պայմանագիր, որում նախատեսված է  ինքնաբերաբար երկարաձգման հնարավորություն, ապա նա նաև պետք է հնարավորություն ունենա հրաժարվելու դրանից հենց պայմանագրի կնքման պահին։

l  Եթե պայմանագրով նախատեսված է  ինքնաբերաբար երկարաձգում, ապա սպառողը պետք  է ողջամիտ ժամկետում առարկություն ներկայացնելու  հնարավորություն ունենա, ընդ որում  պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած պահի կարող է հայտնել, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։

l  Սպառողը պետք է նախապես իրազեկված լինի՝

ü     Ե՞րբ է ավարտվում պայմանագիրը,

ü    Ի՞նչ ժամանակահատվածում կարող է առարկել պայմանագրի ինքնաբերաբար երկարաձգման դեմ,

ü    Եթե չառարկի, պայմանագիրը ի՞նչ ժամկետով է երկարաձգվելու։

l  Պայմանագրի երկարաձգումից հրաժարումը չպետք է սպառողից պահանջի ավելի շատ ջանքեր, քան պայմանագրի կնքումը։ Օրինակ՝ եթե նախատեսված է պայմանագրի կնքում առցանց եղանակով, ապա սպառողից չի կարող պահանջվել, որպեսզի նա երկարաձգումից հրաժարվելու համար պարտադիր ներկայանա ընկերության գրասենյակ։

Spread the love