ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց միջազգային 2-րդ գիտաժողովը

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ապահովել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական շրջանակների և աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների մասնագետների միջև:

Գիտաժողովի պաշտոնական բացմանը ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը։

Գիտաժողովին  մասնակցում են շուրջ 120 ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ մասնակիցներ: Նրանց թվում են ականավոր գիտնականներ և մասնագիտական ոլորտում ճանաչված դասախոսներ՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից և ՀՀ այլ բուհերից: Գիտաժողովի ընթացքում անցանց և առցանց ձևաչափով կներկայացվեն ավելի քան 75 զեկուցումներ թեմատիկ յոթ բաժանմունքներում: Եռօրյա գիտական միջոցառման շրջանակում զեկուցումներով հանդես կգան նաև ՀՀ պետական կառավարման, ֆինանսաբանկային ոլորտի, ինչպես նաև միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի փորձագետներ: Գլխավոր խոսնակների թվում են երկու Նոբելյան մրցանակակիրներ՝ Փոլ Կրուգմանը (2008) և Տարոն Աճեմօղլուն (2024), ինչպես նաև Նիդեռլանդների բաց համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը:

Միջոցառմանը ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց Պիտեր Նայկամպը՝ երկարատև և կայուն ակադեմիական համագործակցության ու նշանակալից ներդրման համար, իսկ Տարածաշրջանային գիտությունների ակադեմիայի տնօրեն Կարիմա Կուրտիտը պարգևատրվեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հուշամեդալով՝ ֆակուլտետին ցուցաբերած շարունակական աջակցության և համագործակցության համար։

Միջազգային երկրորդ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար շնորհակալագրեր և հուշանվերներ տրվեցին Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին, «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին, «Ֆասթ բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ Գարեգին Դարբինյանին։

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Հարվարդի, Կոռնելի, Սորբոնի, Ազորեի, Նիդեռլանդների, Հռոմի Սապիենցա, Նեապոլի, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանների, Բարսելոնայի տնտեսագիտության, Հարվարդի բիզնես դպրոցների և բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 17 երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Հնդկաստանից և այլ երկրներից:

Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:

Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը:

 

Spread the love