Կենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը

Նոյեմբերի 1-ին, Կենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։

Սա ԿԲ դրամագիտական շրջագայության 15-րդ կանգառն է, իսկ Սյունիքի մարզում՝ երրորդը՝ Կապանից և Սիսիանից հետո։

Ցուցադրությունը բաց կլինի նոյեմբերի 1-ից 9-ը։

Այն նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը, այլև խթանել ֆինանսական կրթությունը՝ պարզ և մատչելի ձևով ներկայացնելով բանկային և ֆինանսական ծառայությունների օգտագործման սկզբունքները։

Ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ թողարկած դրամական և հուշադրամային հավաքածուներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի գործառույթներին ու ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվելու կանոններին։

Կենտրոնական բանկը կարևորում է նման նախաձեռնությունները՝ որպես կրթական և մշակութային արժեքների տարածման, ինչպես նաև ֆինանսական իրազեկվածության բարձրացման կարևոր գործիք։

Spread the love