Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում․ ՆԳ նախարարն ընդունել է
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալին
Նոյեմբերի 5-ին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան
պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և
ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը նոյեմբերի 5-ից 6-ը գտնվում
է Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու
նպատակով։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է՝ ուղղված
վստահության և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների
ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային
անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։
ԵՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող
քայլերը և շնորհակալություն հայտնել նախարար Սարգսյանին գործընթացի արդյունավետ համակարգման համար։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները՝ նպատակ
ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի
Եվրոպական Միություն։
Նշենք, որ, այս պահին, Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է որի հետ ԵՄ-ն վարում է Վիզաների
ազատականացման գործընթաց:
Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում․ ՆԳ
