Եվրամիությունը պլանավորում է ԱՄՆ-ին առևտրային համաձայնագրի հաջորդ փուլի իրականացման նոր ծրագիր առաջարկել, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ին ներկայացվելիք ծրագիրը կկենտրոնանա հինգ ոլորտների վրա։
«Այս ոլորտները ներառում են մաքսատուրքեր և շուկա մուտք գործելու հնարավորություն, որտեղ ԵՄ-ն ձգտում է նվազեցնել մի շարք լրացուցիչ ապրանքների համար մաքսատուրքերը, այդ թվում՝ գինու և ոգելից խմիչքների համար», – նշում է Bloomberg-ը։
Ծրագիրը նաև նախատեսում է երկխոսություն՝ ստանդարտների, թվային առևտրի, տեխնիկական խոչընդոտների և առևտրին վերաբերող այլ հարցերի լուծման համար։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն առաջարկում է ստեղծել տնտեսական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ներդրումների ստուգումը, արտահանման վերահսկողությունը, գնումները և կարևորագույն հումքի մատակարարումը։
Գործակալությունը հաղորդում է, որ ԵՄ Առևտրի պալատի ղեկավար Մարոշ Շևչովիչը այս ամսվա վերջին պետք է հանդիպի իր ամերիկացի գործընկերների հետ՝ ծրագիրը քննարկելու համար։
Հուլիսի 27-ին Շոտլանդիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման ժամանակ Բրյուսելը և Վաշինգտոնը համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ։ Այս համաձայնագիրը ներառում է 15% մաքսատուրք ԱՄՆ արտահանվող ապրանքների մեծ մասի, այդ թվում՝ ավտոմեքենաների համար։
Իր հերթին, ԵՄ-ն մշակել է օրինագծեր՝ ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների և ամերիկյան գյուղատնտեսական արտահանման որոշ ոչ-առանցքային ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը նվազեցնելու համար։ Միաժամանակ, ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի նկատմամբ գործող 50% մաքսատուրքերի հնարավոր նվազեցման շուրջ քննարկումները գրեթե արդյունք չեն տվել։ Բացի այդ, Սպիտակ տունը չէր ցանկանում գինին և այլ ալկոհոլային խմիչքները ներառել այն ապրանքների ցանկում, որոնց չեն վերաբերում 15% մաքսատուրքերը։
