Մարտի 28-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում Հայաստանի Հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններն էին:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ:
ՀՀ-ում դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրները` առանձնացնելով դեղերի զուգահեռ, ինչպես նաեւ չգրանցված դեղերի ներմուծման հետ կապված հարցերը:
Տնտեսվարողների տեղեկացմամբ` հունվարի 1-ից արգելվել է ՀՀ ներմուծել չգրանցված դեղորայք, որը, ըստ նրանց, կհանգեցնի դեղերի թանկացմանը: Նրանք առաջարկել են երկարաձգել չգրանցած դեղերի ներմուծման թույլտվությունը:
Նշենք, որ չգրանցված դեղերի ներմուծման որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2020թ. հոկտեմբերի 3-ին` Արցախյան պատերազմով պայմանավորված ռազմական դրության ժամանակ: Այնուհետեւ COVID-ի պատճառով այն երկարացվել էր մինչեւ 2021թ. դեկտեմբերը:
Տնտեսվարողների համար խնդրահարույց է «Դեղերի մասին» օրենքում դեղերի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթը: Նրանց պնդմամբ` վերոնշյալ օրենքի դրույթը լիաժեք չի գործում: Ըստ նրանց` պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող եւ գրանցված դեղերի միմյանց 100 տոկոսով համապատասխանելը: Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաեւ այն դեպքում, երբ գրանցված եւ ներմուծվող դեղերի միջեւ առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության եւ արդյունավետության վրա:
Տնտեսվարողները բարձրաձայնել են մի շարք այլ խնդիրներ եւս, որոնց բախվում են:ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը քննարկման մասնակիցներին հորդորել է առաջարկները գրավոր ներկայացնել եւ դրանք ուսումնասիրելու, հնարավոր լուծումները գտնելու պատրաստակամություն է հայտնել: