Մարտի 28-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկույցում անդրադարձել է 2021թ. իրականացված հարկաբյուջետային քաղաքականությանը: Որպես կարեւոր իրադարձություն՝ առանձնացվել է եվրապարտատոմսերի թողարկման փաստը: Թողարկվել են 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 3,875 տոկոս եկամտաբերությամբ:
Ըստ զեկուցողի՝ միջազգային ֆինանսական շուկաները վստահությամբ են վերաբերում Կառավարության կողմից իրականացվող մակրոտնտեսական քաղաքականությանն ու վարկունակությանը:
Հատկանշական է, որ հաշվետու տարվա ընթացքում միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պահպանել են նախկինում տրված գնահատականները, վարկանիշերը՝ փաստելով, որ Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը բավարար դրական նշանակություն ունի առկա ռիսկերը կառավարելու տեսանկյունից:
Արձանագրվել է, որ հաշվետու տարում բոլոր ծախսերը կատարվել են ժամանակին եւ ամբողջ ծավալով: Ընթացիկ ծախսերի առումով որեւէ շեղում չի արձանագրվել, իսկ կապիտալ ծախսերը եղել են գրեթե նույնական:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ վարվող հարկային քաղաքականությանը, հակաճգնաժամային ծրագրերին, պետական պարտքին: