Հայաստանը պարենային եւ էներգետիկ առումով ավելի լավ վիճակում է, քան եվրոպական ու ամերիկյան մի շարք երկրներ. Էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը ներկայացրել է գերատեսչության ոլորտային ծրագրերը:

Նշվել է, որ 2021 թ. ընթացքում ՀՀ-ի եւ այլ երկրների միջեւ ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է 8.4 մլրդ դոլար` աճելով 17.7 տոկոսով: Արտահանումը կազմել է 3 մլրդ ԱՄՆ դոլար` 2020 թ. նկատմամբ աճելով 19.1 տոկոսով, իսկ ՀՀ ներմուծումը` 5.4 մրդ դոլար` աճելով 16.9 տոկոսով:

Պատգամավորները փորձել են պարզել, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում տնտեսական այս բարդ իրավիճակում գործարարներին աջակցելու եւ տնտեսական աճը խթանելու համար: Ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում կարեւորվել է իրավիճակի ճշգրիտ գնահատումը եւ համապատասխան գործիքակազմի կիրառումը:

«Այսօր մեր երկիրը ոչ միայն պարենային, այլ նաեւ էներգետիկ առումով ավելի լավ վիճակում է, քան եվրոպական ու ամերիկյան մի շարք երկրներ»,- ասել է Արշակ Ասլանյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը նշել է, որ 2021թ. ԵԱՏՄ-ում ներքին առեւտուրը կազմել է ավելի քան 72,6 մլրդ դոլար: Ցուցանիշը 31,9 տոկոսով ավելին է 2020թ. համեմատ: 

Spread the love