Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է 2025 թվականի
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը: Այն նպատակ ունի խրախուսել և
մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց
մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների,
ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:
Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նախարարության կողմից հավատարմագրված մարզական
լրագրողների փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համադրմամբ։
Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված
հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական
կոմիտեի և մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը
կձևավորվի մինչև դեկտեմբերի 10-ը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականներում ընդգրկված մարզիկները և մարզիչները: Մրցույթի
մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով՝
 Մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 18-ը ներառյալ նախարարությունը հանձնաժողովին է
ներկայացնում մրցույթի մասնակից մարզիկների և մարզիչների անվանացանկերը (Օլիմպիական և
ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական, ինչպես նաև պարալիմպիկ, սուրդլիմպիկ
մարզաձևերից), որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և
նվաճումներ՝ Օլիմպիական, Պարալիմպիկ, Սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի
մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, Եվրոպական խաղերում, Շախմատի
համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ունիվերսիադայում, ՄՕԿ-ի կողմից
ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևերից՝ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և
երիտասարդների առաջնություններում, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում
ցուցաբերել են թիմային հաջողություններ:
 Անվանացանկերում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած
մարզիկները, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են
դարձրել, նպաստել են ՀՀ հանրահռչակմանը և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու
զարգացմանը:
 Անվանացանկերում ընդգրկված են այն մարզիչները՝ գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական,
որոնց սաները տվյալ տարում ունեցել են առավելագույն նշանակալի մարզական հաջողություններ
և նվաճումներ:
Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ
ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝

 լավագույն 3 մարզիկներ,
 լավագույն կին մարզիկ,
 հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,
 լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),
 լավագույն երիտասարդ մարզիկ,
 վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,
 Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,
 լավագույն մարզիչ,
 հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
Ըստ յուրաքանչյուր անվանակարգի՝ նախարարությունը հանձնաժողովին պետք է ներկայացնի մեկ
անվանացանկ: Մրցույթի մասնակիցների անվանացանկերը ստանալուց հետո հանձնաժողովը ստուգում է
անվանացանկերում ընդգրկված անձանց համապատասխանությունը տվյալ անվանակարգերին: Ստուգված
անվանացանկերը հանձնաժողովը տրամադրում է նախարարությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի
19-ը ներառյալ:
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և
հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և
հավաստագրով:
Լրագրողների հավատարմագրման և մրցույթի անցկացման ժամկետների վերաբերյալ կտրամադրվի
լրացուցիչ տեղեկատվություն:

Spread the love