«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել
«Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովի բացման արարողությունը, որը նվիրված է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության
մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին:
Բացման արարողությանը ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա
Անդրեասյանը, նախարարի տեակալներ Դանիել Դանիելյանը և Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի
նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մեկ տասնյակից ավելի երկրների պատվիրակություններ,
ներկայացուցիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և միջազգային տարբեր կառույցներից:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում ընդգծել է՝ մեր
երկրի համար մեծ պատիվ է կազմակերպել այս կարևոր միջազգային իրադարձությունը. «Հայաստանը
կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը բոլոր ձևաչափերով՝ ոչ միայն ներառելով հայկական
մշակութային ժառանգությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական և ոչ նյութական ցուցակներում, «Աշխարհի
հիշողություն» ծրագրում, այլև հոբելյանական տարեթվերի ցանկում: Այս իմաստով կցանկանայի առանձնակի
շեշտադրել Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված հոբելյանական երկու կարևոր
միջոցառումները՝ 2024 թվականին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին և 2025 թվականին՝ Շառլ
Ազնավուրի 100-ամյակին: 2019, 2020 և 2023 թվականներին Հայաստանը հայտեր է գրանցել «Հայկական
տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները», «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը»
և «Գյումրիի դարբնության ավանդույթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային
ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու համար: Ի դեպ, մեր համաժողովի շրջանակում
նախատեսվում է «Գյումրիի դարբնության ավանդույթը» նամականիշի մարումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի
համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից ընդգրկված է 7 հայտ, որոնցից 2-ի՝
«Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան»
հայտերն ընդգրկվել են 2025 թվականին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում
2023 թվականին ներառվել է Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն և 2025
թվականին՝ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» («Դատաստանագիրք հայոց») աշխատությունը»:
ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի համագործակցության համատեքստում նախարարը նշել է նաև, որ
Հայաստանն ընտրվել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և
պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկումն ապահովող բյուրոյի փոխնախագահ և կոնվենցիայի
կոմիտեի անդամ՝ 2025-2029 թվականների համար։
«Մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է կոնվենցիայի դրույթների կիրարկմանը. մենք ներդնում ենք ծրագրեր,
որոնք ուղղված են ստեղծարար արդյունաբերությունների ու մշակութային ձեռնարկատիրությունների
զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ու մշակութային կյանքին ներառականության
ընդգրկվածությանը»,- ասել է նախարարաը՝ անդրադառնալով մշակութային ներռականությունն ապահովող
ծրագրերին:
Նախարարն առանձնակի ընդգծել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության պատմականորեն
ձևավորված տարածաշրջանային նշանակությունը՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունն
հանդիսանում է յուրատեսակ խաչմերուկ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք մշակութային, տնտեսական և
քաղաքական ուղիների համար. «Այսօր էլ մենք ջանք չենք խնայում՝ լինելու խաչմերուկ ոչ միայն մեր
աշխարհագրական դիրքով պայմանավորված: Դրա վառ ապացույցն է ՀՀ կառավարության «Խաղաղության
խաչմերուկ» ծրագիրը, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, մեր հարևանների հետ
բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության,
սեփական տարածքներով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության և
փոխադարձության սկզբունքների վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ձևավորում է
տարածաշրջանային նոր մտածողություն: Այս նախաձեռնությունն ունի լիարժեք ներուժ՝ վերածվելու
մշակութային խաչմերուկի: Խաչմերուկ, որտեղ հատվում են ոչ միայն ճանապարհները, այլև մարդկային
կապերը և գաղափարները՝ բացելով դռներ դեպի խաղաղ ու կայուն ապագա մեր տարածաշրջանի և ողջ
աշխարհի համար, առհասարակ»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և
ընդգծել՝ կոնվենցիան այսօր ավելի քան արդիական է գլոբալացվող, թվայնացվող և մարտահրավերներով լի
աշխարհում, քանի որ թվային հեղափոխությունը և արհեստական բանականության արագ զարգացումը
վերաձևավորում են մշակութային արժեքների ստեղծման, տարածման և սպառման եղանակները: Այս
համատեքստում նաև կարևորել է կոնվենցիայի 20-ամյակի արժևորումը՝ որպես այդ փաստաթղթի իրական
նշանակության հաստատում:
Տեսաուղերձով ներկաներին ողջունել է նաև Էռնեստո Օտտոնեն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի
տեղակալը: Նա բարձր է գնահատել Հայաստանի հանձնառությունը՝ որպես «Մշակութային
ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի
կիրարկումն ապահովող բյուրոյի փոխնախագահ և կոնվենցիայի կոմիտեի 2025-2029 թթ անդամ: Նա հույս է
հայտնել՝ համաժողովը կխթանի, որպեսզի մշակութային բազմազան արտահայտչաձևերը շարունակեն
ոգեշնչել՝ կառուցելու կայուն, ստեղծարար ապագա:
Բացման արարողությանը հաջորդել է պլենար նիստ՝ «Մշակութային արժեքների ձևերի պահպանման և
խրախուսման մասին ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիա․ 20 տարվա ձեռքբերումները և
հեռանկարները» թեմայով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Տեղի են ունեցել նաև պլենար քննարկումներ ստեղծարար արդյունաբերության, թվային դարում մշակութային
ինքնարտահայտման բազմազանության և այլ թեմաներով:
