Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում
Մաթևոսյանը 2026 թվականի հունվարի 12-15-ը գործուղվել է Արաբական Միացյալ
Էմիրություններ՝ մասնակցելու «Աբու Դաբիի կայունության շաբաթ» (Abu Dhabi
Sustainability Week – ADSW) խորագրով միջազգային համաժողովին:
ADSW-ն համաշխարհային ամենամյա նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել կայուն
զարգացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը։
2008 թվականին հիմնադրված ADSW-ն հանդիսանում է միջազգային հարթակ, որը միավորում
է տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչներին՝ կլիմայական համարձակ գործողությունների,
նորարարական լուծումների և կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շուրջ
քննարկումների և համագործակցության նպատակով։
Համաժողովը կայանալու է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ
բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը մասնակցելու են պետությունների
ղեկավարներ, քաղաքականություն մշակողներ, գործադիր տնօրեններ և ոլորտային առաջնորդներ
ամբողջ աշխարհից՝ միավորելու ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի,
հարմարվողականության և մեղմման միջոցների առաջմղման, ինչպես նաև կայուն զարգացման
նպատակների իրագործման ուղղությամբ։
2026 թվականին ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» մասին կոնվենցիայի Կողմերի
17-րդ համաժողովը (COP17) Երևանում հյուրընկալելուն ընդառաջ Հայաստանի
Հանրապետության մասնակցությունը համաժողովին նպատակ ունի նպաստել միջազգային
համագործակցության խորացմանը, կլիմայական օրակարգի առաջմղմանը և կայուն զարգացման
ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը։
