
Ծայրահեղ շոգի ազդեցությունը կապված է դեպրեսիայի և տագնապային խանգարումների ավելի մեծ տարածվածության հետ, դա ապացուցվել է ԱՄՆ առանձին նահանգների մակարդակով։ Նման եզրակացության են եկել հետազոտողները՝ վերլուծելով բոլոր 50 նահանգների տվյալները։ Աշխատությունը հրապարակվել է Journal of Psychiatric Research (JPR) ամսագրում։
Հետազոտության հեղինակները նպատակ են ունեցել պարզել, թե ինչպես կարող են կլիմայական էքստրեմալ երևույթներն անդրադառնալ բնակչության հոգեկան առողջության վրա։ Աշխատանքի առիթ են հանդիսացել ԱՄՆ-ում հաճախակի դարձած տապի ալիքները, անտառային հրդեհները և կլիմայի փոփոխության այլ դրսևորումները։
Վերլուծության համար գիտնականներն օգտագործել են դաշնային գերատեսչությունների տվյալները։ Նրանք հաշվարկել են յուրաքանչյուր նահանգում 38 °C-ից բարձր ջերմաստիճանով օրերի միջին թիվը 2020 թվականի հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ամառային սեզոնի թեժ պահին։ Այս ցուցանիշներն այնուհետև համադրվել են 2022 թվականի դեպրեսիայի և տագնապայնության տարածվածության հետ՝ հաշվի առնելու համար շոգի հնարավոր հետաձգված ազդեցությունը։
Վերլուծությունը կայուն դրական կապ է ցույց տվել. որքան շատ են նահանգում եղել ծայրահեղ շոգով օրերը, այնքան բարձր են եղել դեպրեսիայի և տագնապային խանգարումների ցուցանիշները (երկու տարի անց)։ Հեղինակների հաշվարկներով՝ 38 °C-ից բարձր ջերմաստիճանով յուրաքանչյուր լրացուցիչ 10 օրը կապված է եղել հոգեկան առողջության խնդիրների հավանականության 6,2% աճի հետ։
Կապը պահպանվել է նույնիսկ ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական գործոնները հաշվի առնելուց հետո, ներառյալ բնակչության տարիքային կառուցվածքը, սեռը, ռասայական և էթնիկ կազմը, կրթական մակարդակը և բժշկական ապահովագրություն չունեցող մարդկանց մասնաբաժինը։ Ընդ որում, տագնապային և դեպրեսիվ ախտանիշների մեդիան տարածվածությունը նահանգներում կազմել է մոտ 51%, իսկ ծայրահեղ շոգ օրերի միջին թիվը՝ մոտ ութ, թեև տարածաշրջանների միջև տարբերությունը զգալի է եղել։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ սոցիալական խոցելիությունն ուժեղացնում է շոգի ազդեցությունը։ Կրթության ցածր մակարդակ և չապահովագրված բնակչության մեծ մասնաբաժին ունեցող նահանգներում հոգեկան խանգարումների ցուցանիշներն ավելի բարձր են եղել։ Սա, ըստ հեղինակների, մատնանշում է կլիմայական ռիսկերի և սոցիալական անհավասարության հատումը։
Անսպասելի արդյունք էր այն, որ 65 տարեկանից բարձր բնակչության մեծ մասնաբաժին ունեցող նահանգներում տագնապայնության և դեպրեսիայի ցուցանիշներն ավելի ցածր են եղել, ինչը հակասում է այն տարածված պատկերացմանը, թե տարեցներն ավելի խոցելի են կլիմայական սթրեսորների նկատմամբ։ Հեղինակներն ընդգծում են, որ այս երևույթն առանձին հետազոտության կարիք ունի։
Գիտնականները կոչ են արել ընդլայնել հոգեկան առողջության վրա կլիմայական գործոնների ազդեցության հետազոտությունները և հաշվի առնել այդ ռիսկերը հանրային առողջապահության ու կլիմայական հարմարվողականության ռազմավարությունների մշակման ժամանակ։
