Շատերին թվում է` եթե Երևանը վերածվի մեծ անտառի, օդի աղտոտվածության խնդիրը կվերանա. Դա այդպես չէ. Ավինյան

Երևանում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար անտառ ունենալը պարտադիր չէ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևանի քաղաքապետարանը կենտրոնացած է օդի որակի խնդրի մասով ավելի վերլուծական տվյալներ տալու և դրա հիման վրա մեր գործողությունները կարգաբերելու վրա։ Կարողանալու ենք ինվերսիոն շերտի կանխատեսումներ իրականացնել։ Սա նշանակում է, որ ինչ-որ մակարդակի վրա օդում վատ ցուցանիշներ ունենք, ու երբ դրանք իջնում են քաղաքի, ինչպես նաև Արարատյան գոգավորության վրա, խնդիր է առաջանում։ Կանխատեսումներ մեզ կօգնեն ավելի ճիշտ հասկանալ իրավիճակը»,- նշեց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ օդի աղտոտվածության վերաբերյալ իրազեկվածությունը մարդկանց շրջանում նույնպես կարևոր է, քանի որ երբեմն կան ինտուիտիվ բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

«Շատերին թվում է` եթե Երևանը վերածվի մեծ անտառի, խնդիրը կվերանա։ Իրականությանը չի համապատասխանում։ Դրա ապացույցն է Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքը, որը առաջին հերթին անտառ է, հետո քաղաք, բայց օդի աղտոտվածության ցուցանիշները խայտառակ բարձր են»,– ասաց Ավինյանը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ արհեստական բանականությամբ կանխատեսումը և դրանց հիմա վրա Երևանի քաղաքապետարանի աշխատանքն արդյունք կտա։

Հիշեցնենք` դեռ դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասաց, որ մայրաքաղաքում օդի որակը բարելավվել է հյուսիսից տարածաշրջան ներթափանցած քամիների շնորհիվ։

Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե Երևանում օդի որակը պայմանավորված է օդի դիվերսիայով, բնակլիմայական պայմաններով ու աշխարհագրական դիրքով։ Միևնույն ժամանակ շեշտեց՝ պետք է շարունակեն դիտարկել մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևանից դուրս իրականացնելու առումով, որպեսզի պատնեշ ստեղծվի այն քամիների համար, որոնք դեպի քաղաք են բերում սմոգը։

Spread the love