Վերլուծաբանների գնահատականներով՝ 2025 թվականի արդյունքներով Բրազիլիան շրջանցել է ԱՄՆ-ին և դարձել տավարի մսի խոշորագույն արտադրողն աշխարհում։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, «Athenagro» խորհրդատվական ընկերության ղեկավար Մաուրիսիո Նոգեյրան տեղեկացրել է, որ 2025 թվականին Բրազիլիայում տավարի մսի արտադրությունը զգալիորեն գերազանցել է սպասելիքները՝ աճելով 4%-ով։ «Rabobank» վերլուծական կենտրոնը, որն ավելի վաղ կանխատեսում էր արտադրության անկում, այժմ կանխատեսում է 0,5% աճ՝ մինչև 12,5 մլն տոննա (սպանդային քաշով)։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը դեկտեմբերին նույնպես բարձրացրել է Բրազիլիայում տավարի մսի արտադրության իր գնահատականը 450 հազար տոննայով՝ հասցնելով այն 12,35 մլն տոննայի։
Եթե փետրվարին հրապարակված պաշտոնական տվյալները հաստատեն այս գնահատականները, ապա Բրազիլիան առաջին անգամ կգերազանցի ԱՄՆ-ին, որտեղ, երկրի գյուղատնտեսության նախարարության հաշվարկների համաձայն, տավարի մսի արտադրությունը 2025 թվականին նվազել է 3,9%-ով՝ կազմելով 11,8 մլն տոննա, հայտնում է «Ագրոէքսպորտը»։ Բրազիլիան արդեն իսկ հանդիսանում է տավարի մսի խոշորագույն արտահանողը։ Ըստ կառավարական տվյալների՝ 2025 թվականին արտահանման ծավալը մոտեցել է 17 միլիարդ դոլարին։
