2026 թվականին նախատեսում ենք համայնքների խոշորացում իրականացնել Հայաստանի երեք մարզերում։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա պարզաբանել է, որ փոփոխությունները տեղի կունենան Սյունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում՝ այն տրամաբանությամբ, որն իրականացվել է Խոյ և Վաղարշապատ համայնքներում։ «Հիմնականում կմիավորվեն գյուղական համայնքները և այս գործընթացը շարունակական կլինի»,- ընդգծել է Խուդաթյանը։ Նա հավաստիացրել է, որ փոփոխությունները կատարվում են ոչ թե այդ համայնքներում տեղական իշխանությունը զավթելու նպատակով, այլ արդյունավետ կառավարման համար։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Շիրակի մարզպետի փոփոխություն չի նախատեսվում։
Պաշտոնյան հայտնել է, որ նախարարությունը 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների համար Հայաստանի պետական բյուջեից ծախսել է 293,5 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 92,3%: Նրա խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվել են ընդհանուր շուրջ 61 միլիարդ դրամի նախագծեր:
Նախարարը հավելել է, որ 2025 թվականին Հայաստանում իրականացվել են շուրջ 504,5 կմ ճանապարհահատվածների կապիտալ, միջին նորոգման, շինարարության և վերակառուցման աշխատանքներ՝ նշելով, որ 2018 թվականից ի վեր աշխատանքները ընդգրկել են շուրջ 5000 կմ ճանապարհահատվածներ և գոհունակություն հայտնելով իրականացված նախագծերի որակից: «2025 թվականին կապալառուների կողմից վերաասֆալտապատվել է 36 կմ ճանապարհ՝ նախկինում կատարված անորակ աշխատանքների պատճառով: Բացի այդ, կառուցվել է 30 կմ գրունտային ճանապարհ, ինչպես նաև տասը կամուրջ և երկու տրանսպորտային հանգույց»,- հավելել է Դավիթ Խուդաթյանը:
Նա հայտնել է, որ «Հյուսիս–հարավ» նախագծի շրջանակում ավարտվել է դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածի շինարարությունը։ Պաշտոնյան պարզաբանել է, որ հարավային հատվածում, մասնավորապես՝ Քաջարան–Ագարակ հատվածում, աշխատանքները կատարվել են ավելի քան 40%-ով։ «Սա Հայաստանի ամենամեծ շինհրապարակն է, որտեղ օրական իրականացվում են 65 միլիոն դրամի աշխատանքներ։ Երկու թունելներից մեկի հորատումն ավարտված է, երկրորդ թունելի հորատումը մոտենում է ավարտին։ Ընդհանուր առմամբ, այս հատվածում նախատեսված է 15 կամրջի կառուցում, որոնցից 14-ի վրա այժմ աշխատանքներ են տարվում», – նշել է Խուդաթյանը։
Նա հայտնել է ևս չորս աղբավայր ստեղծելու ծրագրերի մասին, որոնցից մեկը կլինի Երևանում, ինչպես նաև 2026 թվականին Կապսի ջրամբարի շինարարությունը սկսելու պլանների մասին:
Ըստ նրա տվյալների՝ 2025 թվականին արտադրվել է շուրջ 9 միլիարդ 721 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 5,8%-ով ավելի է, քան 2024 թվականին։ «Արտադրված էլեկտրաէներգիայի 33%-ը վաճառվել է ազատականացված շուկայում»,- եզրափակել է նախարարը։
