ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային
կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու
նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի
տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել
Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:
Գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ներկայացրել է մարզումների մանրամասները, մարզիկների առօրյան,
մարզաձևում ունեցած նրանց նվաճումները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մարզիկներին՝ մասնավորապես նշելով. «Օլիմպիական
խաղերին մասնակցությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է. այն փորձառությունը, որ ունենալու եք այս ընթացքում,
անգնահատելի է: Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար՝ ոգեշնչելու նրանց
զբաղվելու դահուկային սպորտով: Վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է. մեր առաջնային խնդիրներից մեկը
հաջողություններ արձանագրած մարզիկների օրինակը տեսանելի դարձնելն է՝ խրախուսելով ձմեռային
մարզաձևերում երեխաների ներգրավվածությունը»:
Նախարարը զրուցել է Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների հետ, հետաքրքրվել նրանց
պատրաստվածությամբ ու տրամադրվածությամբ: Նրանք շնորհակալություն են հայտնել ուշադրության համար և
հույս հայտնել՝ իրենց դրական տրամադրվածությունը կնպաստի, որպեսզի բարձր ցուցանիշներով վերադառնան:
Նախարարը զրուցել է նաև մարզվող երեխաների հետ՝ հետաքրքրվելով, թե որքան ժամանակ են զբաղվում
դահուկավազքով, ինչպես են սովորում դպրոցում, ինչ այլ հետաքրքրություններ ունեն և այլն:
Տեղում քննարկվել են նաև ձմեռային մարզաձևերի զարգացման հնարավորությունները, դպրոցահասակ
երեխաների շրջանում նոր խմբերի ձևավորման հեռանկարները, այս ուղղությամբ պետության հնարավոր
աջակցությունը և այլլ հարցեր:
Նախարարն իրազեկել է նաև մարզագույքի տրամադրման պետական ծրագրի մասին և նշել՝ պետք է հասկանալ,
թե, մասնավորապես, այս մարզաձևի համար գույքի ինչպիսի առաջնային կարիք կա:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ներկայում քննարկվում է մարզերում մասնավոր լողավազաններում
երեխաների պարապմունքների ֆինանսավորման համանմանությամբ այլ մարզաձևերով զբաղվելը ևս մասնավոր
ենթակառուցվածքներում խրախուսելու ու ֆինանսավորելու հարցը: Այդ շրջանակում դիտարկվում է նաև
դահուկային սպորտով զբաղվելու ցանկություն ունեցող երեխաների մարզումների ֆինանսավորման հարցը, ինչը
կարող է լուրջ խթան հանդիսանալ դահուկային սպորտի զարգացման համար՝ նպաստելով դրա
մասսայականացմանը:
Նշենք, որ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա
դ’Ամպեցոյում:
