Մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրվում է հատուցում: Այն դադարեցնելու դեպքում հատուցումը ստացող անձինք ձեռք են բերելու կենսաթոշակի իրավունք:
Կարգավորումը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներին: Հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվում է մահացած կերակրողի ընտանիքի անդամներին նշանակվող զինվորական կենսաթոշակի չափը փոխկապակցել մահացածի փաստացի զինծառայության ստաժի հետ: Այժմ հաշվարկվում է 20 տարվա ստաժը:
Աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առկայության դեպքում առաջարկվում է ստաժում հաշվառել հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը խնամելու ամբողջ ժամանակահատվածը: Ներկայում հաշվառվում է առավելագույնը 10 տարի:
Կսահմանվի, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանում լինելը կարող է հաստատել նաեւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը: Հիմքը կլինի կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումը:
Կվերանայվի օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմանը: Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրի հասցեն, 3 ամիս ժամկետ է տրվելու՝ նոր հասցեում հաշվառվելու համար: Այդ երեք ամսվա կենսաթոշակը կտրվի:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: