2021թ. մամուլն աշխատել է անկաշկանդ, ազատ:
«Այն հռչակած սկզբունքները, որ Կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ, մեծ մասամբ պահպանվել են»,-այս մասին ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի տարեկան հաղորդումը:
Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԵՄ զեկույցին, որում նշված է, որ Հայաստանը 2018թ. համեմատ 17 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 63-րդ տեղը 180 պետությունների շարքում: 2021թ. բավականին նվազել են բողոքները մեդիաների կողմից խմբագրական աշխատանքներին միջամտելու վերաբերյալ:
ՀՌՀ նախագահն ընդծել է, որ իրենք աշխատում են թափանցիկ եւ անկախ: Որեւէ ճնշում հանձնաժողովի վրա չկա եւ չի կարող լինել:
Տիգրան Հակոբյանը խոսել է նաեւ տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նա, կարեւորելով վերոնշյալ օրենքը, ընդգծել է, որ այն ապահովում է մամուլի ազատությունն ու անկախությունը, սակայն պարունակում է վտանգներ Հայաստանի տեխնիկական անվտանգության համար:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործել են 110 լիցենզավորված ընկերություններ:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը կարող եք կարդալ այստեղ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հիմնական զեկուցողի բացակայության պատճառով մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգել է ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: