Նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական խնդիրները: Այն չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ գների ինդեքսի աճին: Այս հիմնավորմամբ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 68 հազարից դարձնելով 80 հազար դրամ:
Նախաձեռնությունը քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները ներկայացրել է պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նախագծով փոփոխություններ են կատարվում նաեւ ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, կսահմանվեն ժամային տարիֆային դրույքի այլ նվազագույն չափեր:
Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված է մինչեւ 2026թ. ձեռնարկել քայլեր` աշխատավարձը մինչեւ 85 հազար դրամ սահմանելու համար: Այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նրա խոսքով` նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ` որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր:
«Չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի ու զբաղվածության մակարդակի նվազման, ձեւավորել գնաճային ճնշումներ եւ հարկաբյուջետային ռիսկեր»,- ընդգծել է փոխնախարարը:
Ռուբեն Սարգսյանը հավաստիացրել է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան տարեկան շուրջ 99.1 մլրդ դրամի չափով:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր հերթին նշել է, որ հաշվի առնելով գնաճը եւ սոցիալ-տնտեսական առկա իրավիճակը` օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պետք է համադրել մակրոտնտեսական հնարավորությունների հետ:Նախաձեռնությունը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը: