Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է
Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա
Սունդքվիստին։
Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ ընդգծելով կանանց, ազգային
փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության, խտրականության դեմ պայքարի կարևորությունը։
Միաժամանակ, Պաշտպանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների
երաշխիքների, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության,
խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա
խնդիրների, կալանքի կիրառման, ինչպես նաև «Խտրականության կանխարգելման և
խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման,
իրավահավասարության և հակախտրականության, անձնական տվյալների
պաշտպանության ոլորտներում առկա մարտահրավերների մասին:
Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է նաև կրթական բարեփոխումների և
հանրային իրազեկման արշավների նշանակությունը։
Դեսպանը կարևորել է ՄԻՊ հաստատության գործունեությունը՝ մարդու իրավունքների
պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում։
Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը` մարդու
իրավունքները խթանելու ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու հարցում:

Spread the love