ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության
(ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ
կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է:
«Կրթությունը տեխնոլոգիական համայնքի անբաժանելի ուղեկիցն է. ԱՏՁՄ-ի պատմությունն ու փորձառությունը
բնութագրվում են տեխնոլոգիական կրթության ոլորտում ընդգրկուն համագործակցությամբ: Տեխնոլոգիական
կրթությունը թերևս հենց այն ուղղությունն է, որտեղ ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը մասնավորի
հատվածի հետ ամենաստացվածն է, ու այստեղ ԱՏՁՄ-ն շատ կարևոր դերակատարում ունի: Սովորաբար, պետության
հետ համագործակցությունը ստացվում է, եթե տվյալ ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր
ընկերություններն ու կառույցները կազմակերպված են և ներկայացնում են իրենց օրակարգը՝ անելիքներով ու
խնդիրներով։ Երբ հստակ ձևակերպված օրակարգ կա, պետությունը դառնում է աջակից՝ նպաստելով առաջարկվող լուծումներին: Ոլորտի զարգացման ճանապարհը միասին ենք անցել, ինչի համար ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տեխնոլոգիական համայնքին՝ ինքնակազմակերպման, օրակարգի ձևակերպման և պետության հետ արդյունավետ գործընկերության համար»,- ասել է նախարարը՝ ողջունելով ԱՏՁՄ 25-րդ
հոբելյանական համաժողովի մասնակիցներին:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է տեխնոլոգիական կրթության շրջանակում ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ
իրականացվող համատեղ ծրագրերին՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի
կրթության բրենդներից մեկը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտն ունի հզոր ներուժ ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, ուստի պետական նպատակաուղղված քաղաքականությունը միտված է տեխնոլոգիական
կրթության զարգացմանը, որի արդյունքը կարող է արտահանվել՝ Հայաստանը ճանաչելի դարձնելով միջազգային կրթական համակարգում:
«Տեխնոլոգիական կրթության ուղղությամբ ունենք շարունակվող հաջողություններ, ինչպես նաև բազմաթիվ
անելիքներ։ Համագործակցության արդյունքում հանրակրթական դպրոցներում տարիներ շարունակ իրականացվող
Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրում ներկա պահին ընդգրկված է 17000 երեխա: Այս ծրագիրը
կրթական և տեխնոլոգիական ոլորտների միջև ստեղծում է երկուստեք օգտակար սիներգիա, որը մի կողմից
նպաստում է կրթության ոլորտում խնդիրների առաջադրմանը և արդյունավետ լուծմանը՝ այդպիսով ուժեղացնելով
հանրակրթական համակարգը, մյուս կողմից՝ օգտակար է նաև տեխնոլոգիական համայնքի համար, քանի որ
երեխաները փոխանցում են նորարար գաղափարներ և ոգևորություն: Երեխաների հետ արդյունավետ աշխատանքն
իրականում շատ մեծ արդյունք է տալիս»,- ասել է նախարարը՝ կարևորելով Արմաթ ծրագրում ընդգրկված երեխաների
թվի աճը:
Նա վստահություն է հայտնել, որ ԱՏՁՄ-ի հետ պետության համագործակցությունը կշարունակվի, և կսահմանվեն
այնպիսի նպատակներ ու թիրախներ, որոնք կնպաստեն ինչպես տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, այնպես էլ
կրթության որակի բարելավմանը:
Նշենք նաև, որ ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցության շրջանակում 638 հանրակրթական դպրոցներում պետական
ֆինանսավորմամբ գործում են 1 070 «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ: Սկսած 2014 թվականից՝
Կառավարությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Արմաթ լաբորատորիաների գործունեությանը՝
ապահովելով խմբավարների վարձատրությունը:
Համաժողովին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր
Եսայանը, ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը, պետական կառույցների, մասնավոր հատվածի և տեխնոլոգիական
ընկերությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Արմաթ լաբորատորիաների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, տեղի
են ունեցել ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև էքսպո՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ հաճախող
դպրոցականների մասնակցությամբ: Նախարարը և մյուս ներկաները ծանոթացել են էքսպոյում ցուցադրված աշխատանքներին:
