Գրիպի դեմ ամենամյա պատվաստումը կարող է տարեցների շրջանում դեմենցիայի կանխարգելման հասանելի ռազմավարություն դառնալ։ Նման եզրակացության են եկել իտալացի գիտնականները։ Նրանց կարծիքով՝ սեզոնային պատվաստումն ունակ է պաշտպանել ուղեղը ոչ միայն վարակի հետևանքներից, այլև անոթային ու բորբոքային վնասվածքներից։ Աշխատությունը հրապարակվել է Aging Clinical and Experimental Research (ACER) ամսագրում։
Գրիպը միայն շնչառական վարակ չէ։ Հիվանդությունն ուղեկցվում է արտահայտված համակարգային բորբոքմամբ և բարձրացնում է սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Նախորդ հետազոտությունների տվյալներով՝ գրիպով հիվանդանալուց հետո առաջին շաբաթվա ընթացքում սրտամկանի ինֆարկտի ռիսկն աճում է վեց անգամ։ Ինսուլտները և անոթային այլ պատահարներն իրենց հերթին մեծացնում են կոգնիտիվ անկման և դեմենցիայի հավանականությունը։
2023 թվականին իրականացված մետա-վերլուծությունը, որն ամփոփել է ավելի քան 2 միլիոն մարդու տվյալներ և ցույց է տվել, որ պատվաստվածների մոտ դեմենցիայի զարգացման ռիսկը 31%-ով ցածր է եղել՝ չպատվաստվածների համեմատ։ Մեկ այլ խոշոր հետազոտության մեջ, որին մասնակցել են 65 տարեկանից բարձր գրեթե 936 հազար զույգ տարեցներ, պատվաստումն ասոցացվել է Ալցհայմերի հիվանդության ռիսկի 40% նվազման հետ՝ շուրջ չորս տարվա դիտարկման ընթացքում։ Ռիսկի բացարձակ նվազումը կազմել է 3,4%, այսինքն՝ հիվանդության մեկ դեպք պոտենցիալ կերպով կանխվել է յուրաքանչյուր 29 պատվաստվածի հաշվով։
ԱՄՆ վետերանների առողջապահական համակարգի տվյալների վերլուծությունը ցույց է տվել դեմենցիայի ռիսկի մոտ 14% նվազում։ Ընդ որում, պաշտպանիչ ազդեցությունն ավելի արտահայտված է եղել նրանց մոտ, ովքեր պատվաստումը ստացել են կանոնավոր կերպով՝ մի քանի տարի շարունակ։ Նմանատիպ կախվածություն է հայտնաբերել նաև UK Biobank-ի տվյալների բազայի հետազոտությունը. դեմենցիայի համախառն ռիսկն ավելի ցածր է եղել (ռիսկերի հարաբերակցությունը՝ 0,83), իսկ անոթային դեմենցիայի ռիսկը՝ ավելի ցածր (0,58)։
Հեղինակներն առանձնացրել են երկու հիմնական հավանական մեխանիզմ։ Առաջինը անոթային պաշտպանությունն է. կանխելով գրիպը՝ պատվաստանյութը նվազեցնում է ինֆարկտների և ինսուլտների հավանականությունը, ինչը նշանակում է՝ նվազեցնում է ուղեղի կումուլյատիվ վնասվածքը։ Երկրորդը հակաբորբոքային ազդեցությունն է։ Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ գրիպի վիրուսը կարող է ակտիվացնել միկրոգլիան՝ ուղեղի իմունային բջիջները և սինապսների կորուստ առաջացնել նույնիսկ առանց վիրուսի՝ նյարդային հյուսվածք ուղղակի ներթափանցման։ Պատվաստումը պոտենցիալ կերպով նվազեցնում է նման բորբոքային բռնկումները։
«Գրիպի դեմ պատվաստումը պետք է դիտարկել ոչ միայն որպես սեզոնային վարակից պաշտպանություն, այլև որպես սիրտ-անոթային և կոգնիտիվ ռիսկերի նվազեցման հնարավոր միջոց», – նշել են գիտնականները։
Հեղինակների կարծիքով՝ հատկապես կարևոր է բարձրացնել պատվաստումների ընդգրկվածությունը 65 տարեկանից բարձր անձանց շրջանում և օգտագործել ուժեղացված պատվաստանյութեր, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով իմունային համակարգի տարիքային առանձնահատկությունները։
