TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի համատեքստում Բաքվում ակտիվացել են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները։ Հիշեցնենք, որ այս անվան տակ Ադրբեջանը նկատի ունի ժամանակակից Հայաստանի գրեթե ողջ տարածքը։
Այս անգամ նույնանուն համայնքի (որը ստեղծվել է շտապ կարգով) նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանում» գտնվող 740 մուսուլմանական գերեզմանոցների կոորդինատների որոշման մասին։ Այս մասին ասվել է Կովկասի մուսուլմանների վարչության հետ համատեղ անցկացված միջոցառման ժամանակ։
Նորահայտ գործիչը դժգոհել է, թե իբր «մուսուլմանական գերեզմանոցների մեծ մասը փաստացի ոչնչացվում է», իսկ «դրանցից մի քանիսի վրա կառուցվել են հայկական գերեզմանոցներ»։ «Սա սարսափելի փաստ է, և այն պետք է հասցվի համաշխարհային հանրությանը։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համատեղ միջոցառումներ իրականացնել Կովկասի մուսուլմանների վարչության հետ», – հայտարարել է Ալեքբերլին։
Նման տեղեկատվական արշավի նպատակը ակնհայտ է՝ մեկ քայլով հասնել երկու նպատակի։ Առաջին՝ փաստերի բացակայության դեպքում ստեղծել հայկական կողմի դեմ տարբեր պահանջների համար հուզական նախադրյալներ։ Բնականաբար, խոսք չի կարող լինել «հարյուրավոր մուսուլմանական գերեզմանատների» մասին, հատկապես՝ ոչնչացվածների։ Երկրորդ՝ շեղել ուշադրությունը Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացումից և Նախիջևանում արդեն ոչնչացված հայկական ժառանգությունից։
