Փորձագետ. Մարդկությունը 65 տարում կարող էր միլիոնավոր այլմոլորակային ազդանշաններ բաց թողնել

Մարդկությունը կարող էր արդեն տասնյակ անգամներ «չնկատել» արտաերկրային քաղաքակրթությունների ազդանշանները և այդպես էլ չիմանալ այդ մասին։ Վերահաշվարկելով վերջին 65 տարվա ընթացքում տեխնոստորագրությունների հայտնաբերման հնարավորությունները՝ աստղաֆիզիկոսը ցույց է տվել, որ ազդանշանների հաջող որսման համար դրանք պետք է միլիոնավոր լինեին։ Ստացվում է՝ տիեզերքը կարող է «լուռ» չլինել, պարզապես մենք ենք փնտրում չափազանց սահմանափակ և կարճ ժամանակով։

1960-ականներից սկսած աստղագետները փորձել են որսալ ռադիոազդանշաններ, լազերային բռնկումներ և ինֆրակարմիր ջերմային հետքեր, որոնք պոտենցիալ կերպով կարող են մատնանշել այլմոլորակայինների տեխնոլոգիական գործունեությունը։ Ճիշտ է, չնայած կես դարում կատարված ավելի քան 200 փորձերին, ոչ մի հաստատված ազդանշան այդպես էլ չի գտնվել, գրում է Naked Science-ը։ Այս «լռությունը» հաճախ բացատրում են դիտարկումների փոքր ընդգրկվածությամբ, ազդանշանների թույլ ինտենսիվությամբ, դրանց կարճ տևողությամբ կամ տիեզերական «աղմուկի» ֆոնով քողարկվելով։

Վերջին 65 տարում «բաց թողնված» կոնտակտների քանակը գնահատելու համար Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (Շվեյցարիա) տեսաբան Կլաուդիո Գրիմալդին (Claudio Grimaldi) կառուցել է մաթեմատիկական մոդել՝ հիմնված Բայեսի ալգորիթմի վրա։ Սա վիճակագրական մեթոդ է, որն օգտագործվում է իրադարձությունների հավանականությունը որոշելու համար՝ հիմնվելով դրանց մասին նախկինում ունեցած գիտելիքների վրա։

Այս մոտեցումը թույլ է տվել հաշվի առնել անցյալի ազդանշանների թիվը, դրանց միջին տևողությունը, ինչպես նաև ժամանակակից աստղադիտակների գործողության շառավիղը։ Մոդելը ներառել է թե՛ համակողմանի ազդանշանները (օրինակ՝ մեգակառույցների ինֆրակարմիր ճառագայթումը), թե՛ ուղղորդված իմպուլսները (ինչպիսիք են լազերային «փարոսները»)` դիտարկելով դրանց տարածումը լույսի արագությամբ և տևողությունը (մի քանի օրից մինչև հազարավոր տարիներ)։

The Astronomical Journal-ում ներկայացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ եթե տեխնոստորագրությունները փնտրենք մինչև մի քանի հարյուր լուսատարի հեռավորության վրա, ապա դրանց հայտնաբերման հավանականությունն այսօր չափազանց փոքր է։ Այդ հավանականությունն ապահովելու համար վերջին տասնամյակների ընթացքում կպահանջվեր ազդանշանների չափազանց մեծ քանակություն։ Ընդ որում, կարճատև ազդանշանների դեպքում այդ թիվը կարող է հասնել միլիոնների։

Ավելին, որոնումները մինչև հազարավոր լուսատարիներ ընդլայնելը միայն չնչին չափով է բարելավել հնարավորությունները. Գալակտիկայում միաժամանակ կարելի է ակնկալել ընդամենը մի քանի պոտենցիալ հայտնաբերելի ազդանշան։ Նշանակում է՝ եթե արտաերկրային տեխնոլոգիաներն իսկապես գոյություն ունեն, դրանք տևական են, հազվադեպ են հանդիպում և տեղակայված են Երկրից շատ հեռու։ Ի դեպ, ավելի վաղ հունգարացի մաթեմատիկոս Անտալ Վերեշը (Antal Veres) ցույց էր տվել, որ միանգամից մի քանի բանական քաղաքակրթությունների առաջացման հավանականությունը չափազանց փոքր է։

Գրիմալդին ուսումնասիրել է նաև այլընտրանքային սցենարներ, ներառյալ այլմոլորակային աղբյուրների բարձր տեղային կենտրոնացումը և տեխնոլոգիական քաղաքակրթությունների թվի կտրուկ աճը։

Պարզվել է, որ երկու դեպքում էլ համեմատաբար փոքր հեռավորությունների վրա այլմոլորակայինների հայտնաբերման բարձր հավանականության հասնելու համար անհրաժեշտ են բավականին յուրահատուկ պայմաններ՝ քաղաքակրթությունների խիտ կուտակում Երկրի մոտակայքում կամ նրանց ակտիվության հանկարծակի բռնկում։ Այս սցենարները հաստատում են գիտական աշխատանքի հիմնական եզրակացությունը. «չբռնված» ազդանշանների մասին պարզ ենթադրությունը չի երաշխավորում դրանց շուտափույթ հայտնաբերումը։

Թեև ժամանակակից աստղադիտակները, ինչպիսիք են FAST-ը, Square Kilometre Array-ը և VLA-ն, ընդունակ են ընդգրկել հազարավոր լուսատարիներ, նույնիսկ այս դեպքում ողջ Ծիր Կաթինում ակնկալվում է ընդամենը մի քանի «ուղերձ»։ Այսպիսով, տեխնոստորագրությունների որոնումը յուրօրինակ մարաթոն է, որը պահանջում է համբերություն, լայնածավալ ուսումնասիրություններ և մշտական աշխատանք, այլ ոչ թե սպասում՝ «անկյունում հանդիպող» պատահական կոնտակտի։

Spread the love