Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 7-ին, քննվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մարտի 3-ին բավարարել էր Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։
NEWS.am-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ փաստաբանները դատարանին դեռ փաստարկներն ամբողջությամբ չեն ներկայացրել, հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 28-ին։
Ալեքսանյանն ասաց, որ Հովսեփյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, առաջադրված մեղադրանքն էլ փոխվել է։
«Խարդախության մեղադրանքը փոխվել է, դարձել է վատնման դրդչություն, որն ապօրինի է։ Այն փաստարկներն ու հիմնավորումները, որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել, մեղադրանքի կողմը պարզապես չի դիմանալու դրանց»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Աղվան Հովսեփյանին շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Ըստ ՀՔԾ-ի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: