ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան
Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և
Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում կապերի
ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:
Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել միասնական աշխատանքի և հաջող համագործակցության համար:
Կողմերը բարձր են գնահատել նախընթաց տարում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ստորագրված
փաստաթղթերի շրջանակում նախանշված համագործակցությունը՝ որպես կայուն զարգացման հնարավորություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բարձրագույն կրթության և գիտության, կինոյի, թանգարանների ու
գրադարանների, արխիվների միջև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին: Այս համատեքստում
մատնանշվել է «Ղազախստանցի գրողների հետազոտական աշխատանքներն ԱՊՀ երկրների արխիվներում» ծրագրի
շրջանակում իրականացված հետազոտական այցը Մատենադարան և Հայաստանի ազգային արխիվ:
Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ գարնանը Հայաստանի երկու քաղաքներում նախատեսվում են
խոշոր միջոցառումներ՝ «Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» և «Կապանը ԱՊՀ երիտասարդական
մայրաքաղաք», որոնց ակնկալվում է նաև ղազախական կողմի ներկայությունը:
Անդրադարձ է եղել նաև սպորտի ոլորտում իրականացված համագործակցությանն ու դրա հետագա խորացմանը
տարբեր մարզաձևերում:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
