Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատչելիության խնդրին
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ խնդրի կարգավորման
համար առաջարկելով մշակել և իրացնել առողջապահության ոլորտում
անհավասարությունը նվազեցնելու համալիր քաղաքականություն, որով կապահովվի
առողջապահական ծառայությունների մատչելիությունն՝ անկախ սոցիալական վիճակից։
Այս տեսանկյունից կարևոր առաջընթաց է առողջության համընդհանուր
ապահովագրության համակարգի ներդրումը, որը առանցքային դերակատարություն ունի
առողջության պահպանման իրավունքի երշխավորման տեսանկյունից:
Այնուհանդերձ, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից
հետո ՄԻՊ աշխատակազմ պարբերաբար ահազանգեր են ներկայացվում այն մասին, որ
համակարգի գործարկումը հանգեցրել է այնպիսի իրավիճակների, երբ բուժաշխատողների
կողմից բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները հաճախ մատուցվում են
աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի առավելագույն
տևողության գերազանցման պայմաններում (հաճախ՝ առանց հանգստի ընդմիջման), իսկ
բուժաշխատողների՝ արդարացի և համարժեք վարձատրությունը չի ապահովվում։
Պաշտպանը, կարևորելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման
ուղղությամբ պետության կողմից գործադրված ջանքերը, ընդգծում է, որ իրավասու
պետական մարմինները պետք է շարունակական քայլեր ձեռնարկեն բուժաշխատողների
աշխատանքային իրավունքների պատշաճ երաշխավորման ուղղությամբ, իսկ նրանց ձայնը
պետք է լսելի լինի:
Բուժաշխատողների աշխատանքային իրավունքների ամբողջ ծավալով երաշխավորման և
անխոչընդոտ իրացման հետ կապված բոլոր հարցերը գտնվում են ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Բարձրացված հարցերի
ընթացքի նկատմամբ իրականացվելու է հետևողական աշխատանք։
