Հենց սահմանազատումն ու Կիրանցի հետ կապված վիճակը, որ լավ հիշեն, ավելի մեծ առավելություն կունենանք. Վահե Ղալումյան

Նիկոլ Փաշինյանին 2 օր առաջ Տավուշի մարզում թիմակիցների հետ «ներկուսակցական» քարոզարշավին մոտեցած տղամարդուն ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը ճանաչում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վահե Ղալումյանը:

Ղալումյանը նշեց, որ այդ տղամարդն իրեն հարազատ է։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հրահանգել էր իրեն մոտեցած տղամարդու դստերը չնշանակել մանկապարտեզի տնօրեն։

«Ես վարչապետի խոսքերը չեմ ուզում մեկնաբանել։ Ով մոտեցել էր իր աղջկա մանկապարտեզի տնօրենի հարցով, նրա կինը 40 տարի եղել է այդ մանկապարտեզի տնօրենը։ Եվ տարիքը լրանալուց հետո մանկապարտեզի տնօրենի նոր մրցույթին 2 հավասարազոր թեկնածուներ են ընտրվել, որից հետո քաղաքապետը որոշում է կայացրել մանկապարտեզի 40 տարվա տնօրենի դստերը չնշանակել։ Նույն ձևով այդ մարդը նշեց, որ ինքը մեր թիմակիցն է, այստեղ մեր թիմային խնդիր, թե ում են նշանակել, այդպիսի խնդիր ես չեմ տեսնում»,- ընդգծել է Ղալումյանը։

Հարցին՝ արդյո՞ք այդպիսով Փաշինյանը չի չարաշահում իր լիազորությունները, Ղալումյանն ասաց. «Վարչապետի խոսքը չեմ ուզում մեկնաբանել, իրեն կհարցնեք, ինքը կմեկնաբանի»։

Հարցին՝ տնօրենն արդյո՞ք իրեն բարեկամ է, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Մեզ հարազատ մարդ է, մոտիկից ճանաչում եմ, իրենք 20 տարուց ավելի Գանձաքարի բնակիչ են, իսկ այդ մարդը ներկայացնում էր, որ կողքից են բերել. 20-25 տարի այդ մարդիկ Գանձաքար են ապրում։ Մեր շրջանը փոքր է, բնակավայրեր են, և մենք այնտեղ շատերս ենք իրար ճանաչում. բարեկամներ, հարազատներ ունենք, այդ մարդն էլ, որ այդ հարցով մոտացել էր, էլ ինձ հարազատ, ընկերական հարաբերությունների»։

Հարցին՝ դրանից հետո վարչապետն արդյո՞ք իր եղբոր հետ խոսակցություն ունեցել է, Ղալումյանն ասաց, որ իր հետ չի ունեցել ու համոզված է, որ եղբոր հետ էլ չի խոսել.

«Վարչապետի խոսքի հիմքում ընկած էր այն, ինչը ինքն ուղիղ ասաց՝ մանկապարտեզի տնօրենի հարցը թողնել համայնքապետին և համայնքին»։

Հարցին՝ Տավուշում գուցե հոգնե՞լ են «Քաղաքացիական պայմանագրից», բայց վախենում են խոսել այդ մասին, որպեսզի թիրախում չհայտնվեն, Ղալումյանն ասաց. «Վախենալը բացառում եմ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» այն աշխատելաոճը չունի, որ որևիցե մեկին ճնշի և խոսելու իրավունքից զրկի, բացարձակապես նման հիմնավորմամբ ոչ մի մարդ չի կարող իր հարցը առաջ չքաշի, ով ինչ հարց ունի առաջ է քաշում»։

Անդրադառնալով սպասվող ընտրություններին ու այն հարցին, թե ինչու՞ Տավուշի բնակիչները պետք է ընտրեն «Քաղաքացիական պայմանագրին», ՔՊ–ականն ասաց.

«Տավուշի բնակիչները եթե նստեն ու սթափ, դատեն, կարողանան ուսումնասիրել 2018 թվականից. եթե մարզի մասշտաբով եք հարց տալիս, մարզում արված գործերը, մեր խոստումները իրար կողքի դնել, տեսնել, ով է ժողովրդի հետ պարզ, արդար եղել, հենց դրա հիմքով էլ պետք է ընտրեն մեզ, իմ կարծիքով»։

NEWS.am-ի թղթակիցը հիշեցրեց սահմանազատումը, Կիրանցի հետ կապված իրավիճակը, Ղալումյանն արձագանքեց. «Հենց սահմանազատումն ու Կիրանցի հետ կապված վիճակը, որ լավ հիշեն, մեզ ավելի մեծ առավելություն կունենանք»։

Դիտարկմանը, որ նախկինում ուղիղ նշանառության տակ չէր դպրոցը, Ղալումյանն ասաց. «Գիտեք, «ուղիղ նշանառություն» ձևակերպումն ինձ համար խորթ և տրամաբանությանից զուրկ է. հիմա, շատ ներողություն, Դուբայի Բուջխալիֆին էլ են կարողանում ուղիղ նշանառությամբ խփել, Մոսկվայի Կրեմլին էլ են խփում, Կիևին էլ են խփում, հիմա ուղիղ նշանառություն ի՞նչ ա ։ Ես կարող եմ մի դեպքի մասին խոսել, որ Կիրանցի սահմանազատումից անմիջապես հետո, երբ պատը կառուցվեց, պատից 30 մետր հեռավորության վրա Կիրանցի բնակիչը իր մի քանի տարվա այգին ցանկապատեց և այգի հիմնեց, իսկ դրանից առաջ այդ սահմանը թվում էր, թե շատ հեռու է։ Սահմանը շատ հեռու էր, իրենք ոչ մի բան չէին անում, սահմանը մոտացավ 30 մետր դարձավ, արեցին, ի՞նչն է դրա պատճառը, որ մարդիկ զգացին անվտանգությունը»։

Անդրադառնալով ներկուսակցական թեմային ու հարցին արդյո՞ք իր՝ 50-յակում հայտնվելը կապ ունի Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների հետ, պատգամավորը հերքեց.

«Ես կարծում եմ, որ կապ չունի, ես բազմիցս եմ շեշտել, որ այդ հարաբերությունները իմ համար լրացուցիչ պատասխանատվություն են։ Եթե մինչև 2018 թվականը ես սատարել եմ Փաշինյանին ,մասնակցել եմ այլընտրանքի «Քաղաքացիական պայմանագրի» գործունեության մի փոքր հեռվից, հեղափոխությունից անմիջապես հետո ես կուսակցության անդամ եմ և կուսակցության բոլոր գործընթացների առաջնամարտիկ»։

Spread the love