
Գիտնականները եկել են այն եզրանահնգման, որ քունը և սննդակարգը այն հիմնական գործոններից են, որոնք պայմանավորում են մարդկանց իմունային համակարգի տարբերությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Research ամսագրում:
Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել ավելի քան հազար առողջ մարդկանց մասնակցությամբ՝ վերլուծելով բազմամակարդակ մոտեցման միջոցով տարբեր ազդեցությունների ներգործությունը իմունային համակարգի վրա, որը ներառում է իմունային ֆենոտիպերի, տրանսկրիպտոմի և մետաբոլոմի վերլուծությունը:
Հետազոտության տվյալների համաձայն՝ արտաքին գործոնների ազդեցությունը բացատրում է իմունային կարգավիճակի տարբերությունների մոտ 10,7%-ը, ինչը զգալի ներդրում է իմունային համակարգի փոփոխականությունը հասկանալու հարցում՝ բացի գենետիկական գործոններից: Ուսումնասիրված 183 ազդեցություններից քունը և դիետան առանձնացել են որպես գերիշխող գործոններ, որոնք ազդում են իմունային պրոֆիլի վրա: Դրանք ազդում են բնածին իմունային բջիջների համամասնությունների, ինչպես նաև բջիջների վրա մակերևութային սպիտակուցների էքսպրեսիայի մակարդակների վրա, ինչպիսիք են CD85j-ն և CD16-ը:
Հետազոտողները նաև պարզել են, որ կարճատև և ուշ քունը կարող է առաջացնել հակաբորբոքային ինտերլեյկին-1β (IL-1β) սեկրեցիայի բարձրացում, իսկ քնի տևական խանգարումը հանգեցնում է քրոնիկական բորբոքման և նյութափոխանակության ավելի արտահայտված փոփոխությունների, ինչը կարող է հետևանքներ ունենալ քրոնիկ հիվանդությունների համար։ Ընդ որում, ցույց է տրվել, որ իմունիտետի վրա քնի ազդեցությունն ավելի հաճախ կապված է տրանսկրիպտոմի փոփոխությունների հետ, մինչդեռ սննդակարգի ազդեցությունը դրսևորվում է մետաբոլոմի՝ այսինքն նյութափոխանակության արգասիքների և ուղիների միջոցով։
Այս փոխկապակցվածությունների հիման վրա գիտնականները ստեղծել են տրանսկրիպտոմային և մետաբոլոմային ինդեքսներ, որոնք թույլ են տալիս գնահատել իմունային համակարգի վիճակը և քրոնիկ հիվանդությունների հնարավոր ռիսկերը՝ հիմնվելով քնի և սննդի ազդեցությունների համակցության վրա։
Հեղինակները նշում են, որ իրենց աշխատանքը տրամադրում է կենսակերպի և իմունային պրոֆիլի միջև փոխկապակցվածության նոր քարտեզ՝ ընդգծելով, որ ոչ միայն գենետիկան, այլև սովորությունները, ինչպիսիք են քնի ռեժիմը և սննդի որակը, էապես ազդում են մարդու իմունային կարգավիճակի վրա։ Այս արդյունքները կարող են օգնել ապագայում մշակել առողջության գնահատման և կառավարման ռազմավարություններ՝ ուղղված իմունիտետի բարելավմանը և քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը՝ քնի և սննդի օպտիմալացման միջոցով։
