ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ուղերձը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան ընդառաջ

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, տնտեսավարողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ։

Անցյալ տարվանից Հանձնաժողովն արդեն գործում է որպես սպառողների հավաքական շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական և կոնտակտային մարմին։ Այսպիսով, առաջին անգամ սպառողները հնարավորություն ունեն իրենց հուզող տարբեր հարցերով դիմելու պատասխանատու պետական մարմնի։

Այդ նպատակով մեկ տարի առաջ՝ հենց Սպառողների իրավունքների պաշտպանության օրը, գործարկվեց  «Սպառողի օգնական» հարթակը, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի պարզ քայլերով, րոպեների ընթացքում առցանց ներկայացնել իր խնդիրը։ Ուրախ եմ արձանագրել, որ այս ընթացքում «Սպառողի օգնականի» միջոցով ստացված բողոքների գերակշիռ մասը  լուծում է ստացել տնտեսավարողների կողմից՝ առանց  Հանձնաժողովի  միջամտության։

Միաժամանակ իրականացվել են օրենսդրության լավարկման լայնածավալ աշխատանքներ։ ԱԺ ներկայացված վերջին օրենսդրական փաթեթով մենք ամբողջությամբ մոտարկել ենք  սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը  եվրոպական ստանդարտներին։

Սրանք շատ կարևոր արձանագրումներ են, սակայն սպառողների պաշտպանության արդար և արդյունավետ համակարգի ձևավորման գործում առանցքային դերակատարում ունեն անձամբ սպառողները։  Ժամանակակից աշխարհում նրանք վաղուց դադարել են տնտեսության պասիվ մասնակիցը լինելուց։  Տեղեկացված  սպառողը, իրացնելով իր շահերի պաշտպանության իրավունքը, նպաստում է նաև շուկայի զարգացմանը՝ խրախուսելով արդար մրցակցությունը և բարեխիղճ բիզնեսի զարգացումը։

Ուստի ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս օրվա առթիվ՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին լինել առավել ակտիվ և նախաձեռնող իրենց իրավունքների պաշտպանության հարցում։

Սիրելի քաղաքացինե՛ր, Ձեր ձայնը լսելի է, դիմե՛ք մեզ, պաշտպանե՛ք Ձեր իրավունքները։

Spread the love