Աշխատանքային շրջայց Մասիսի բժշկական կենտրոնում

Գերատեսչության  փոխանցմամաբ մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի
գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը և
Հիմնադրամի պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման
բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը աշխատանքային շրջայց
կատարեցին Մասիս բժշկական կենտրոնում։
Շրջայցի ընթացքում քննարկվեցին բուժհաստատության գործունեության
կազմակերպմանն ու ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք
հարցեր։ Ներկայացվեցին տվյալներ բժշկական ծառայություններից
օգտվողների դիմելիության, այցելությունների և իրականացվող
վիրահատությունների աճի վերաբերյալ, ինչպես նաև նշվեց, որ ավելացել են
լաբորատոր հետազոտությունների և մասնագիտական
խորհրդատվությունների ծավալները։
Քննարկման առանցքում էին նաև բուժանձնակազմի աշխատավարձերի
հաշվարկման մեխանիզմները, բժշկական ծառայությունների պլանավորման
հարցերը, պատվաստումների ցուցանիշները, ուղեգրերի տրամադրման և
դեղորայքի դուրսգրման հետ կապված ընթացակարգերը։ Ուշադրություն
դարձվեց բուժհաստատության տեխնիկական հագեցվածությանը և
առողջապահական ծառայությունների թվայնացման կարևորությանը, ինչը
հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել
աշխատանքային գործընթացները։

Spread the love