«Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Սպառողի օգնական» հարթակի միջոցով մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա վարույթ էր հարուցել ԱՁ Տիգրան Թևոսյանի նկատմամբ։
Հարուցված վարույթի քննության արդյունքում պարզվել է, որ վերջինս իրեն պատկանող «Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև «Tevosyans Perfume» առևտրի օբյեկտում հանրահայտ ապրանքային նշանների ներքո ներկայացվող օծանելիքներ է իրացրել այն դեպքում, երբ դրանք օրիգինալ արտադրանք չեն հանդիսացել։
Ընդ որում, «L’Arôme.am», «Tevosyans Perfume» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում առկա է եղել «Բացառապես օրիգինալ տեսականի» գրառումը։
Հանձնաժողովը տնտեսավարողի վարքագիծը որակել է անարդար առևտրային գործելակերպի դրսևորմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպ և տուգանք է կիրառել վերջինիս նկատմամբ։
Հանձնարարվել է անհապաղ դադարեցնել ոչ օրիգինալ օծանելիքների իրացումը։
Հանձնաժողովի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://ef.competition.am/api/decision/17C0C06C-6410-4010-9F48-FC4A6F9B2972/download
