Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը լրագրողներին ասել է, որ Պարսից ծոցի երկրները կարծում են, որ Մերձավոր Արեւելքում պատերազմը կտեւի եւս երկու-երեք շաբաթ, հաղորդել է Anadolu-ն։
«Իհարկե, այստեղ որոշիչ գործոնը կլինի ԱՄՆ դիրքորոշումը։ Իսրայելը կփորձի ազդել ԱՄՆ-ի վրա եւ կցանկանա կանխել հրադադարը կամ արագ խաղաղության համաձայնագիրը։ Ավելի ու ավելի շատ գնահատականներ են հնչում, որ ԱՄՆ եւ Իսրայելի սկզբնական դիրքորոշումները տարամիտվել են։ Սա կարող է հանգեցնել պատերազմի երկարաձգման»,- ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ «պատերազմի ընթացքում բանակցությունների տարբերակը քիչ հավանական է թվում», սակայն պետք է դիտարկել նաեւ կարճաժամկետ հրադադարի ընթացքում բանակցություններ սկսելու հնարավորությունը, երբ կողմերը հայտարարեն. «Եթե բանակցությունները ձախողվեն, մենք կվերսկսենք պատերազմը»։
«Իսրայելը եւս կարող է վարել պատերազմը որքան հնարավոր է երկարաձգելու քաղաքականություն՝ Իրանին ավելի մեծ վնաս հասցնելու համար։ ԵՄ դիրքորոշումն այս հարցում վճռորոշ կլինի։ Իսրայելը տպավորություն է թողնում, որ չի դադարեցնի [պատերազմը]՝ մինչեւ չոչնչացնի կարեւոր ռազմական եւ արդյունաբերական օբյեկտները։ Սպանությունները շարունակվում են»,- ասել է նա։
Նշելով, որ «Իսրայելն է սկսել այս պատերազմը», Ֆիդանը հայտարարել է. «Խնդիրն այն չէ, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր չկան: Խնդիրն այն է, որ Իսրայելը խաղաղություն չի ուզում: Մենք այս փաստը շեշտում ենք ամենուր եւ ամեն հնարավորության դեպքում»:
